Վարչապետը նախարարների թասիբին է կանգնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մինչ կառավարության նիստի մեկնարկը վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ, իր խոսքով,  իրեն հուզող մի խնդրի: Նա նշեց, որ հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց կարծիքը արտահայտել վատ կերպով: Որպես ասվածի օրինակ նա հիշեց օրեր առաջ Ազգային ժողովի դիմաց ակտիվիստների կողմից  մանրադրամների նետումը պատգամավորների և նախարարների վրա:

«Մանրադրամների նետումը սխալ եմ համարում: Թերեւս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքները եւ ազատությունները եւ ենթակա են պաշտպանության նույն ձեւով, ինչ հասարակության ցանկացած անդամ», – նշեց նա:

Աբրահամյանի խոսքով` ինքը կողմ է ազատությանը, խոսքի ազատությանը, սեփական կարծիքն արտահայտելու ազատությանը, կողմ է ազատ հավաքներ անցկացնելու իրավունքին, բայց հավելեց, որ  այդ ազատությունն ավարտվում է այն պահին, երբ դա սկսում է ոտնահարել ուրիշների իրավունքը:

«Ես դա չեմ հանդուրժելու, ուստի հանձանարարում եմ Արդարադատության նախարարին և ոստիկանությանը քննարկել այս հարցը և տալ օրենսդրական և կազմակերպչական լուծումներ: Ապահովե՛ք, որ կարգը պահպանողները կարողանան ապահովել անվտանգությունը», – հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Դեմ.եմ» նախաձեռնությունը Ազգային ժողովի դիմաց ցույց էր անցկացնում` Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի դեմ և խորհրդարանի շենքից դուրս եկող մի քանի իշխանական պատգամավորների և կառավարության անդամների վրա մանրադրամներ էին նետում:




Լրահոս