Արագածոտնի մարզի Արտենի համայնքում բնակիչներն այսօր փակել էին Արտենի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երեկ՝ հունիսի 25-ին, կարկտահարության հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել են գյուղացիների այգիները ու ցանքատարածությունները:
Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-ից, դեպքի վայրում է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով գյուղացիներին հայտնել է, որ ՀՀ Կառավարությունը տեղյակ է խնդրի մասին, և խոստացել է դրան լուծում տալ:
Armlur.am-ի հետ զրույցում Արտենիի համայնքապետ Գեղամ Խլղաթյանը հայտնեց, որ ճանապարհը փակելը էմոցիաների ազդեցության տակ է ստացվել:
«Մարզպետն էլ էր եկել, խոստացավ էս պահին հանձնաժողովը հարցը քննարկում է: Տեսնենք` կառավարությունից ինչ աջակցություն կստանանք»,- ասաց համայնքապետը` հայտնելով, որ կարկուտը տեղացել է երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, և ինքը հասցրել է արագ ահազանգել արտակարգ իրավիճակներ, մարզպետարան, ապա տեղեկացվել է նաև կառավարությունը:
Գյուղապետը հայտնեց, որ գյուղացիները մեծ հույսեր են կապում կառավարության աջակցության հետ: