ՄԻԳՐԱՑԻՈՆ ՈՐՈԳԱՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Աժ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, թե առաջիկայում Ռուսաստանում բնակվող հայ միգրանտները կստանան այնպիսի արտոնություններ, ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները: «Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ժամանակներս կմիանա Եվրասիական միությանը, եւ այս բոլոր հարցերն իրավական լուծում կստանան: Ամեն դեպքում, նրանք մեզ ընդառաջ գնացին, որպեսզի հարցը լուծվի հիմա եւ ստիպված չլինենք սպասել ԵՏՄ մտնելու մասին համաձայնագրի ստորագրմանը»,-ռուսական կողմին իր երախտիքն է արտահայտել ԱԺ փոխխոսնակը:
Թվում է, թե ռուսները գոնե մի դրական քայլ են կատարել` օր առաջ հեշտացնելով հանուն հանապազօրյա հացի Ռուսաստանի խիստ անհյուրընկալ դարձած եզերքներում դեգերող մեր հայրենակիցների կեցության հարցը: Էլ չասած, որ սա իսկական ցնծության առիթ է արտաքսման վտանգի առջեւ հայտնված կամ արդեն իսկ արտաքսված հազարավոր ՀՀ քաղաքացիների համար, ովքեր տարեսկզբի միգրացիոն օրենսդրության խստացումից հետո զրկվել էին մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից:
Իրականում սա շատ մեծ եւ իրական վտանգ է` ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը: Այդպիսով, փաստորեն, է՛լ ավելի է հեշտանում Հայաստանը հայաթափելու ծրագիրը: Իսկ որ այդպիսի ծրագիր առկա է, կասկածից դուրս է: Ընդ որում, շատ կարեւոր չէ, թե դա այսօր ում անմիջական ջանքերով է իրագործվում. մեր բացահայտ թշնամիների՞ , թե՞ թշնամուց «բեթար» դաշնակցի: Հատկապես Ղրիմի, մինչ այդ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բռնակցումից հետո արդեն իսկ տեսանելի է այն սխեման, որով Ռուսաստանը փորձում է հավաքել ՌԴ փոխվարչապետ, տխրահռչակ Դմիտրի Ռոգոզինի ասած «քարերը»` նախկին կայսրությունը վերականգնելու համար: Հիշեցնենք, որ բոլոր նշված դեպքերում բնակչության գերակշիռ մասը ռուսական անձնագրեր ուներ, եւ պետք եղած պահին Ռուսաստանը միջամտեց` «պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը»:
Նույն սցենարը փորձ է արվելու գործարկել նաեւ Հայաստանում: Եվ միգրացիոն այս արտոնությունները հենց դրան միտված քայլերից մեկն են:
Այս վտանգի մասին բարձրաձայնողների ընդդիմախոսները հաճախ հակադարձում են. իսկ ինչն է ավելի վատ` լքել հայրենիքը, սակայն գոյատեւել, թե մնալ հայրենիքում ու մատնվել սովի: Նման ծայրահեղացված հարցադրումն ունի միանգամայն ռացիոնալ պատասխան. պետք է ոչ թե մնալ հայրենիքում եւ սովի մատնվել, այլ, պարզապես, մեկ անգամ հավաքական համարձակություն ունենալ եւ իշխանափոխություն իրականացնելով` երկրում արդար քրտինքով մի կտոր հաց վաստակելու պայմաններ ստեղծել:




Լրահոս