Երեկ հայտնի դարձավ, որ Կառավարության կազմած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում առաջարկվում է նախկին «կուտակային վճարի» փոխարեն կիրառել«սոցիալական վճար» տերմինը՝ պահպանելով պարտադիրի սկզբունքը: Ըստ այդ նախագծի՝ պետական աշխատողների համար այդ վճարը կգործի օրենքի ընդունումից հետո, մասնավոր հատվածի համար՝ 2017 թվականից: Այս նախագծից արդեն պարզ է դառնում կառավարության ողջ մարտավարությունը, որը կայացավ պարզ խաբկանքում՝ ընդամենը նպատակ հետապնդելով մի կողմից՝ հանդարտեցնել կրքերը, մյուս կողմից՝ շարունակել կատարել Սերժ Սարգսյանի հրահանգը՝ անպայման կյանքի կոչելու պարտադիր կուտակային համակարգը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ նախագծում նաեւ նշված է, որ բարձրացումը տարածվելու է 1974թ. հետո ծնվածների վրա, այսինքն՝ նույն այն անձանց, որոնց վրա տարածվում էր պարտադիր 5 տոկոս կուտակային վճարային համակարգը: Կառավարության այս քայլը այլ կերպ, քան շարքային ժուլիկություն, դժվար է որակել, քանի որ գործադիրը պարզապես խաբում է հասարակությանը՝ նույն բանն այլ անունով ներկայացնելով: Պարտադիր կուտակային կենսաթոշակն այսուհետ կգանձվի սոցիալական վճարի անվան տակ: Ու սրանից հետո, եթե Քառյակը եւ «Դեմ եմ» շարժման ակտիվիստները կտրուկ քայլերով չպահանջեն վերացնել համակարգը, ապա ստացվում է, որ ժուլիկությունը գերիշխում է նաեւ Քառյակում՝ առավելեւս, որ չորս ուժերից երկուսը՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, վարչապետի հետ քննարկում են այս նախագիծը՝ ի սկզբանե մերժելու փոխարեն:
Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշման պաշտոնական հիմնական պատճառաբանությունն այն է, որ ՀԷՑ-երը ֆինանսական ճեղքվածք ունեն, քանի որ նախորդ տարի ատոմակայանի գործունեությունը նախատեսվածից 88 օր ավելի է դադարեցվել եւ ՀԷՑ-երը ստիպված են եղել բացը լրացնել Հրազդան ՋԷԿ-ից էլեկտրաէներգիան գնելով 1 կՎտժ-ը 49.1 դրամով, արդյունքում կրելով 16.6մլրդ դրամի վնաս: Մինչդեռ, ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից, այլ՝ 29.1 դրամով՝ Երեւան ՋԷԿ-ից, ինչը կրկնակի էժան կստացվեր, քանի որ գործում է իրանական գազով: Սակայն չեն արել: Ու արդյունքում ստացվում է, որ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող ՀԷՑ-երը նախապատվությունը տալով ռուսական գազով աշխատող Հրազդանի ՋԵԿ-ին, ներքին համաձայնությամբ պարզապես արհեստականորեն Հայաստանում ավելացրել են ռուսական գազի ծավալների սպառումը՝ գերշահույթներ ապահովելով «Գազպրոմ»-ին:
ՀՀ ԱԳՆ-ն նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ռուսերեն գրքույկների հրատարակություն: Սակայն, դատելով այս նպատակով արված ծախսերից, իշխանությունները որոշել են նաեւ այստեղ «ատկատ անել»: Բանն այն է, որ «Նախիջեւան», «Շուշիի վերածնունդը» եւ «Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց Արցախի Հանրապետության սահմանները» գրքույկների դիզայներական ծառայությունների համար ԱԳՆ-ն ՀՀ պետական բյուջեից ծախսել է 821 հազար դրամ կամ ավելի քան 2000 դոլար: Հատկանշականն այն է, որ եթե այդքան գումարը ծախսվել է միայն դիզայներական ծառայությունների համար, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ապա կարելի է ենթադրել, թե տպագրության համար ինչքան մեծ գումարներ կծախսեն: Փաստորեն, իշխանությունները ոչ մի պարագայում չեն կարող առանց «ատկատ»-ի գործ անել, անգամ Արցախի հարցում:
Հունիսի 19-ին Կիեւի՝ մոտ 70 հազարանոց հայ համայնքը պատրաստվում է նոր ղեկավարի ընտրություններին: Երեկվա դրությամբ առաջադրվել էր 2 թեկնածու՝ Սամվել Խաչատուրովը եւ Նորիկ Գեւորգյանը: Սակայն Ս. Խաչատուրովին հայ համայնքի քվեարկության հանձնաժողովը հեռացրել է թեկնածուների շարքից: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ինչն է եղել նման որոշման պատճառը, եւ ինչպես հայտնեցին հայ համայնքի ներկայացուցիչները. «Խաչատուրովը հայերեն չգիտի, նա զտարյուն հայ չէ, դրա համար էլ մենք չցանկացանք նրան տեսնել հայ համայնքի ղեկավարի պաշտոնում»: Բացի այդ, 1in.am-ում Ս. Խաչատուրովը բացասական էր արտահայտվել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեության վերաբերյալ, ինչը եւս դուր չէր եկել հանձնաժողովի անդամներին: Սակայն, Ս. Խաչատուրովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը դեսպանի մասին վատ բաներ չի ասել, ընդհանրապես սխալ հարցազրույց է հրապարակվել իր անունից: