ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՑԱԽՈՒՄ ԲԻԶՆԵՍ Է ԱՆՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Ռուբեն Հայրապետյանը: Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում Ռ. Հայրապետյանին շատ հաճախ կարելի է տեսնել Արցախի «Արմենիա» հյուրանոցում: Բանն այն է, որ Ռ. Հայրապետյանն Արցախում սկսել է շատ մեծ ներդրումներ կատարել տարբեր բիզնես ծրագրերում ու շատ հաճախ է լինում Արցախում՝ անձամբ հետեւելու այնտեղ կատարվող աշխատանքներին: Ռուբեն Հայրապետյանն իր սովորության համաձայն, Արցախ է գնում մի քանի «ջիպերի» ուղեկցությամբ: Ու արցախցիներն էլ արդեն գիտեն, որ «88» պետհամարանիշերով ավտոմեքենաներն ուղեկցում են նախկին ԱԺ պատգամավորին:

ԿԱՈՒՉՈՒԿԻ ՓՈԽԱՐԵՆ

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տնօրինությունը վերջերս սկսել է վաճառել գործարանի երկաթյա խողովակները: Գործարանի աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին փոխանցեց որ «դրանք տանում են ու որպես մետաղաջարդոն հանձնում վերամշակող գործարաններին: Գիտե՞ք, թե ինչքան խողովակներ կան. գազի, ջրի, աղաջրի: Եթե դրանք բոլորը վաճառեն, ստացված գումարը միլիարդների կհասնի»: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասաց. «Ե՛վ հին խողովակները, ե՛ւ արդեն կոռոզիայի ենթարկված տարբեր սարքավորումներն անընդհատ գործարանից վաճառվում են: Նոր խողովակներ, որոնք արտադրական պրոցեսի համար կարեւոր են եւ կարող են պետք լինել, բացառվում է, որ վաճառվեն»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե դրանց վաճառքից ստացված գումարն ինչի վրա է ծախսվում, այն դեպքում, երբ աշխատակիցներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում, մամլո խոսնակը պատասխանեց. «Դրանցով էներգետիկ ծախսեր են կատարվում, որպեսզի գործարանը մնա այնպիսի վիճակում, որ երբ պետք լինի, կարողանա աշխատել: Եթե մենք որոշենք գործարանը վերագործարկել, ապա մեզ դրա համար պետք կլինի ընդամենը 10-15 օր»: Փաստորեն «Նաիրիտ»-ը կաուչուկի փոխարեն սկսել է խողովակները վաճառել:

ՍՏԻՊՈ՞ՒՄ ԵՆ ՉԳՐԵԼ

Տավուշի մարզպետարանից ներքին կարգով հրահանգ է տրվել մարզի դպրոցների տնօրեններին, որպեսզի վերջիններս ազդեն իրենց աշխատողների վրա, որպեսզի նրանք կուտակային ֆոնդերին գանձումներ չանելու մասին դիմումներ չգրեն: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանի հետ, ով ասաց. «Հակառակը՝ մենք բոլորին ասել եւ հայտարարել ենք, որ վերցնեն մարդկանցից դիմումները եւ նրանցից, իրենց կամքին հակառակ, պահումներ չանեն: Այս պահին կան ստացված դիմումներ»:




Լրահոս