Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՊՐՈՎՈԿԱՑԻԱ ԱՆՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին Կիեւի հայ համայնքում նոր ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու: Երեկվա դրությամբ առաջադրվել էր 2 թեկնածու, որոնցից մեկին համայնքի քվեարկության հանձնաժողովը հեռացրեց թեկնածուների շարքից:

Ուկրաինայում տեղի ունեցած արյունալի իշխանափոխությունից հետո անցկացված համապետական ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր իշխանության հետ Հայաստանի Հանրապետությունը կամաց-կամաց կարգավորում է իր հարաբերությունները: Նախանցած շաբաթ Հայաստան վերադարձավ մեր երկրից հեռացած Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Վերջինս նեղացել եւ գնացել էր Հայաստանից, քանի որ ՀՀ իշխանությունները ողջունել էին Ռուսաստանի Դաշնության քայլերն Ուկրաինայում:
Ու քանի որ արեւմտյան ուղղությունն ընտրած Ուկրաինայում ամեն ինչ նոր է ձեւավորվում, բնականաբար չէր կարող այդ իրադարձություններին անմասն չմնալ նաեւ 70 հազար հոգանոց հայ համայնքը: Հունիսի 19-ին հայ համայնքը կընտրի իր ղեկավարին: Երեկ Երեւանի ժամանակով մինչ 19:00-ը, համայնքի ղեկավարի 2 թեկնածու էր առաջադրվել՝ Սամվել Խաչատուրովը եւ Նորիկ Գեւորգյանը: Կիեւի հայ համայնքի գործող ղեկավար Համլետ Գալուստյանն այլեւս չի ցանկանում պաշտոնավարել:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց հայ համայնքի ղեկավարի երկու թեկնածուներից պարզել, թե ինչու են որոշել առաջադրվել: Տեղեկացանք, որ երկու թեկնածուներից մեկին հայ համայնքի քվեարկության հանձնաժողովը հեռացրել է համայնքի ղեկավարի թեկնածությունից: Պատճառը եղել է թեկնածու Սամվել Խաչատուրովի տված հարցազրույցը 1-in-ին, որտեղ Խաչատուրովը, խոսելով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին, ասել էր. «Շատ հայերի շրջանում տպավորություն է, որ դեսպանն իր ժամկետն է անցկացնում թուլացած վիճակում, նա փորձում է ձեւացնել, թե կա աշխատանք, սակայն Կիեւի հայերն այդքան էլ չեն տեսնում այդ աշխատանքը, որպես պտղաբեր… ես խորհուրդ կտայի աշխատել լավ, ուշադրություն հատկացնել հայրենակիցներին, տրամադրել մաքսիմում ծառայություններ, այնինչ՝ նրանք հագնում են կոստյումներ, բարձր պահում իրենց գլուխը, բայց դա նրանց սիրելի չի դարձնում հասարակ հայերի շրջանում»:
Ահա այս խոսքերը վրդովվեցրել էին հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր էլ քվեարկության՝ 12 հոգանոց հանձնաժողովի՝ 9 անդամի մասնակցությամբ 8 կողմ ձայնով երեկոյան Սամվել Խաչատուրովի թեկնածությունը համարեցին անվավեր: «Բացի դեսպանի հասցեին վատ բաներ խոսելը, Խաչատուրովը հայերեն չգիտի, նա զտարյուն հայ չէ, դրա համար էլ մենք չցանկացանք նրան տեսնել հայ համայնքի ղեկավարի պաշտոնում»,- «Ժողովուրդ»-ին հայտնեց հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը:
Մենք զրուցեցինք նաեւ հայ համայնքի՝ արդեն նախկին թեկնածու Սամվել Խաչատուրովի հետ, ով ասաց, թե ինքը դեսպանի մասին նման բառեր չի ասել, ընդհանրապես սխալ հարցազրույց է հրապարակվել իր անունից, ինչի համար շատ ափսոսում է. «Երեւի դա պրովոկացիա էր անում, չեմ հասկանում»: Ինչ վերաբերում է իր թեկնածության մերժմանը՝ մինչեւ ընտրության օրը, այս մասով Խաչատուրովն ասաց. «Դե, ես ինչ կարող եմ ասել. մարդկանց իրավունքն է քվեարկելը: Նրանք չցանկացան, որ ես դառնամ հայ համայնքի ղեկավար»:
Այսպիսով՝ հայ համայնքի ղեկավար կդառնա Նորիկ Գեւորգյանը՝ հունիսի 19-ին մրցակցելով, թերեւս, ինքն իր հետ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս