«ԳԱԶՊՐՈՄ»-Ի ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հիմնավորվածության վերաբերյալ այսօր ԱԺ-ում անցկացվելու են խորհրդարանական լսումներ: Դժվար չէ կռահել, որ այսօր եւս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կփորձի սրտաճմլիկ բառերով պատգամավորներին համոզել, որ իրենք ստիպված են գնում այդ քայլին, քանի որ այլընտրանք չունեն, որ եթե թեկուզ կես տոկոս հնարավորություն ունենան չթանկացնել էլեկտրաէներգիան, ապա չեն գնա այդ քայլին, եւ այսպես շարունակ: Միայն թե, ՀԾԿՀ որոշումներն ուսումնասիրելիս բոլորովին այլ պատկեր է պարզվում:

Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշման պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ ՀԷՑ-երը ֆինանսական ճեղքվածք ունեն. նախորդ տարի ատոմակայանի գործունեությունը նախատեսվածից 88 օր ավելի է դադարեցվել եւ ՀԷՑ-երը ստիպված են եղել բացը լրացնել Հրազդան ՋԷԿ-ից էլեկտրաէներգիա գնելով, որի արտադրած էլեկտրաէներգիան անհամեմատ թանկ է: Արդյունքում ՀԷՑ-երը 16.6մլրդ դրամի վնաս են կրել: Մինչդեռ, ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե Հրազդան ՋԷԿ-ից, այլ՝ Երեւան ՋԷԿ-ից, ինչը կրկնակի էժան կստացվեր, մանավանդ որ գործում է իրանական գազով: Ըստ ՀԾԿՀ պաշտոնական փաստաթղթերի՝ Հրազդանի ՋԷԿ-ը տարեկան պետք է օգտագործի 6.7 միլիարդ դրամի գազ, որպեսզի սպառողներին առաքի 10.7 միլիարդ դրամի էլէներգիա, յուրաքանչյուր կՎտժ-ը 49.1 դրամով: Մինչդեռ, Երեւանի ՋԷԿ-ը տարեկան պետք է օգտագործի 12,7 մլրդ դրամի գազ, որ արտադրի 24.5 մլրդ դրամի էլէներգիա՝ 1 կՎտժ-ը 29.1 դրամով: Ու ստացվում է, որ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող ՀԷՑ-երը նախապատվությունը տվել են Հրազդանի ՋԵԿ-ին, որն անհամեմատ շատ ռուսական գազ է օգտագործել: Ասել է թե՝ ռուսական երկու ընկերությունները ներքին համաձայնությամբ պարզապես արհեստականորեն Հայաստանում ավելացրել են ռուսական գազի ծավալների սպառումը՝ «Գազպրոմ»-ին գերշահույթներ ապահովելով. եւ դա, բնականաբար, ՀՀ քաղաքացիներիս գրպանի հաշվին:
Բայց մի կողմ թողնենք ռուսական երկու ընկերությունների «լուռ գործարքը» եւ տեսնենք, թե այս հարցում ի՞նչ են արել ՀՀ իշխանությունները՝ իրավիճակին որեւէ կերպ միջամտելու համար: Ահա այստեղ հետաքրքիր պատկեր է բացվում. եթե Հրազդանի ՋԵԿ-ը հին կայան է ու աշխատում է հնագույն տեխնոլոգիաներով, ապա Երեւանի ՋԷԿ-ը վերակառուցվել է 2005 մարտին 150մլն դոլար ճապոնական վարկով: 2009թ.-ին ՀԷՑ-երը նույնպես Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկից 35 մլն դոլար վարկ է վերցրել վերազինման նպատակով: Բացի այն, որ ՀԷՑ-երը ճապոնական վարկով վերակառուցված ՋԷԿ-ից չեն գնել էլեկտրաէներգիան, հիմա ՀԾԿՀ-ն գազի սակագինը հաշվելիս ՀԷՑ-երի ծախսերի մեջ ներառում է նաեւ ճապոնական վարկի մարումը: Ըստ ՀԾԿՀ տեղեկանքի՝ 2014-15թթ. համար էլեկտրաէներգիայի սակագները որոշելիս հաշվի են առնվել առնվազն հետեւյալ գործոնները՝ ՀԷՑ-երի մաշվածությունը, շահագործման ծախսերը, անհուսալի դեբյուտորական պարտքերը, շահույթը, փոխհատուցման ենթակա գումարի վերադարձը եւ ճապոնական վարկը: Այստեղ ճապոնական վարկը բավականին կլորիկ գումար է կազմում՝ 2013թ.՝ 240մլն դրամ, իսկ արդեն 2014թ.՝ 196,5 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ վարկը պետք է մարենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, եւ սա՝ ՀԾԿՀ որոշմամբ:
Մասնագետների պնդմամբ՝ ՀԾԿՀ հաշվարկներում անտրամաբանական թիվ են կազմում նաեւ ՀԷՑ-երի մաշվածության գնահատականը՝ 3.9մլրդ դրամ, մանավանդ, երբ ՀԷՑ-երը ճապոնական կառավարությունից բացի, նաեւ վարկեր են վերցրել այլ ընկերություններից՝ Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկ, «ՎՏԲ» բանկ եւ այլն:
Այսքանից հետո փոխանակ ԱԺ-ում ստեղծվեր այս վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող առանձին հանձնաժողով, իրավապահ մարմինները շտապեին հետաքննել կատարվածը, իսկ կառավարությունն էլ արգելեր ՀԷՑ-երի սխալ կառավարման արդյունքում առաջացած ճեղքվածքը ՀՀ քաղաքացիների հաշվին փակելը, ընդհակառակը՝ լռությամբ իրենց համաձայնությունն են հայտնում այս ամենին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս