ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ, այնպես չէ, որ մենք ընդդիմությանը բանի տեղ չենք դնում: Այն կետերը, որոնք ներկայացվել են ոչ թե PR-ի, այլ պետության շահերի համար, մեզ համար ընդունելի են»:

Գալուստ Սահակյան 1in.am

Իհարկե «հրաշալի քառյակ»-ի ներկայացրած 12 կետերն այնպես չէ, որ իսկապես հրաշալի էին, սակայն անկախ դրանց բովանդակությունից՝ իշխող ՀՀԿ-ն այդ ե՞րբ է մյուս քաղաքական ուժերից որեւէ մեկին բանի տեղ դրել, որ հիմա դնի: Ու կարեւոր էլ չէ՝ PR-ի, թե պետության շահերի համար են առաջարկությունները, փոխարենը, եթե այդ առաջարկությունները լինեին իշխանությունների եւ ՀՀԿ-ի շահերի համար, ապա վերջիններս առանց վայրկյան իսկ վարանելու կընդունեին դրանք: Իսկ ԱԺ նախագահ եւ յուրահատուկ ոճաբան փորձառու ՀՀԿ-ական Գալուստ Գրիգորիչն իրենց բնորոշ տոնայնությամբ կազդարարեր այդ մասին:

 
«Անլուրջ մարդու չենք ընդունել: Մարդ է, իր կարծիքն է արտահայտել, դուք էլ կարող եք ձեր կարծիքն արտահայտել, նա այդքան չի քննարկի: Իսկ թե ինչ մեքենայով է եկել ԱԺ, դա քննարկման խնդիր չէ: Զապորոժեցով գա՞ր»:

Լեւոն Մարտիրոսյան 168.am

Հայտնի շոումենի եղբայր, նաեւ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած ՄԻԱԿ կուսակցության նախագահը հավանաբար այնքան է զբաղված օրինաստեղծ աշխատանքով, որ ավտոմեքենաներից գիտի միայն, որ կա «Համմեր», եւ մեկ է լսել է երեւի «Զապորոժեց»-ի մասին: Եվ հետո, ԱԺ դարպասներից այն կողմ կա ավտոկայանատեղի, եւ Կիսիլեւը պարտադիր չէ, որ իր «Համմեր»-ով մտներ ԱԺ տարածք, ինչը նույնիսկ հայ պատգամավորներին թույլ չեն տալիս: Այս մասին, իհարկե, Լեւոն Մարտիրոսյանը լռում է, քանի որ Կիսիլեւին պաշտպանելու հասկանալի խնդիր ունի՝ եղբայրը ՌԴ-ում կարիերա եւ դիրք ունի:

 
«Գնացեք լեզվի մասին օրենքն ուրիշ տեղ պաշտպանեք»:

Գառնիկ Բադալյան Tert.am

Էկոնոմիկայի նախարարությունը կարծես թե «ձեռք է քաշել» հայոց լեզվից ու որոշել «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար ՀՀ արդյունաբերողներին ու գործարարներին նախապատրաստման խնդիրները» թեմայով համաժողովը ռուսերենով անցկացնել: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն էլ, հավանաբար, այնքան է ոգեւորված «նախապատրաստական աշխատանքներով», որ մոռացել է երեւի, որ ինքն ապրում եւ աշխատում է ոչ թե ՌԴ-ում, այլ ՀՀ-ում, որի պետական լեզուն հայերենն է, այլապես նման տոնով չէր արձագանքի լրագրողների հարցին:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս