ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-Ն ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ԿՐԱԿՈՂՆԵՐԻՆ

Երեկ ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանի ու Ռոբերտ Սարգսյանի երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվեց Քանաքեռ-Զեյթուն թաղամասում հունիսի 6-ի երեկոյան հնչած կրակոցների հեղինակ, Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին՝ Սամվել Քոթանջյանը: Ի դեպ, հանրությանն անհայտ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հարազատների անունը եւս կապված է աղմկալի դեպքերի հետ: 2013թ. նրա փեսայի դեմ էր մահափորձ կատարվել: Հայտնի պաշտոնյաների երեխաներին չպատժելու եւ դրան հաջորդող հետեւանքներն օր օրի ավելանում են, իսկ դրանց շարքը շատ երկար է, որոնցից հանրության հիշողության մեջ դեռ թարմ են 2013թ. հունիսի 1-ի Գորիսի դեպքերը, երբ սպանության մեղադրանքով կալանավորվեցին, հետո ինքնապաշտպանության հիմնավորմամբ ազատ արձակվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին եւ թիկնապահը, կամ 2012-ի սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ծեծկռտուք էր սարքել Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) որդին եւ նրա ընկերները, ովքեր, սակայն, ընդամենը տուգանվեցին:

ԲՈՂՈՔ ՉՈՒՆԵԻՆ, ՍԱԿԱՅՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ

ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացած 20-ամյա ժամկետային զինծառայող Դերենիկ Մանուկյանի ծառայակից ընկերոջը կալանավորեցին: Հիշեցնենք, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մահացած զինվորի հորաքույրը՝ Թամարա Մանուկյանը, ասել էր, որ իրենք բողոք չունեն, քանի որ Դերենիկի հարազատ եղբայրը՝ Հրաչիկը, ծնողներին վստահեցրել է, որ եղբայրը պատահականության զոհ է դարձել: Ինչեւէ, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մահվան գործով ձերբակալված Վ. Բաբիկյանը կալանավորվեց եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մարդուն մահ պատճառելը:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ

Հունիսի 12-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ոստիկանների ուղղությամբ օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանին երեկ կալանավորեցին եւ վերջինիս հարազատները պատրաստ են ամեն ինչ անել Հայկի ազատության համար: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հայկի եղբայրը՝ Սերգեյ Կյուրեղյանը՝ նշելով, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել եղբոր հետ. «Դիտորդներն ու իրավաբաններն են տեսել նրան, մենք այլ բան չգիտենք»: Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:




Լրահոս