ՆԱԽԿԻՆ ՕԳՆԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում հետընտրական զարգացումները դեռ շարունակվում են: Բանն այն է, որ այս համայնքում հունիսի 8-ին տեղի ունեցած ընտրությունները երեկ անվավեր են ճանաչվել: Արդյունքում հունիսի 29-ին Կութում նորից տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Նշենք, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարողները կրկին անկուսակցական Անդրանիկ Հախումյանն ու գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մեժլում Իսրայելյանն են:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում երկու թեկնածուները հավաքելով հավասար քվեներ՝ յուրաքանչյուրը՝ 61 ձայն, հայտնվել էին զավեշտալի վիճակում: Անդրանիկ Հախումյանի վստահված անձը՝ Սեւակ Ղազարյանը, դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողով եւ պահանջել անվավեր ճանաչել քվեարկության արդյունքներն ու հաղթող ճանաչել իր վստահորդին:
Հաջորդ փուլի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մեժլում Իսրայելյանի հետ:
-Ի՞նչն էր խնդիրը, որ կրկնակի ընտրություններ նշանակվեցին:
-Հավասար ձայներ էինք հավաքել՝ յուրաքանչյուրս 61 ձայն: Դրա համար էլ երկրորդ փուլով պետք է անցնենք:
-Ի՞նչ եք մտածում. այս անգամ կհաղթե՞ք:
-Չգիտեմ: Հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Կամ ես, կամ մյուսը. տարբերություն չկա: Արդյունքում ժողովուրդն է մտածում:
-Պարոն Իսրայելյան, Ձեր մրցակցի վստահված անձը՝ Սեւակ Ղազարյանը, բողոքարկեց ընտրությունների արդյունքները եւ միաժամանակ փաստարկներ ներկայացրեց, թե իբր Ձեր թիմն ընտրախախտումներ է արել:
-Լրիվ սուտ է: Ընտրության ընթացքում ոչ մի խախտում էլ չի եղել:
-Ձեր կինը Ընտրական հանձնաժողովի նախագահն էր: Նա՞ էլ է ՀՀԿ-ական:
-Այո, նա էլ է ՀՀԿ-ական, ես էլ: Ավելին՝ որպես գյուղապետի թեկնածու, առաջադրվել եմ ՀՀԿ-ի կողմից:
-Քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-Չորս:
-Իսկ մինչեւ գյուղապետ ընտրվելն ինչո՞վ եք զբաղվել:
-1991 թվականից մինչեւ 2010 թվականը եղել եմ գյուղապետարանի աշխատակազմի տեղակալ եւ քարտուղար: Ուղիղ 25 տարի է, ինչ գյուղապետարանում եմ աշխատում:
-Իսկ մյուս թեկնածուի մասով ի՞նչ կասեք:
-Ինքը ջահել է, 2010-ին ես իրեն նշանակեցի ինձ օգնական:
-Ձեր օգնականն է ու Ձե՞ր դեմ է պայքարում:
-Այո: Դե ոչինչ, ջահել է: Շփում չունենք իրար հետ:
-Ձեզ հետ խորհրդակցե՞լ է, որ առաջադրել է իր թեկնածությունը:
-Թաքուն է դրել: Ես ուրիշից եմ իմացել: Ուրիշից եմ լսել:
-Ի՞նչ էր աշխատում գյուղապետարանում:
-Հարկերի հավաքագրմամբ էր զբաղվում:
-Եթե այս անգամ չանցնեք, ինչո՞վ եք զբաղվելու:
-Չեմ անցնի՝ չեմ անցնի, իմ անասունով, գյուղատնտեսությամբ կզբաղվեմ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս