ԱՐԱՔՍ ԳԵՏԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՎԱԶ ՀԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Արաքս գետի երկայնքով ձգվող ավազային հողատարածքները գտնվում են մեր պաշտոնյա օլիգարխների տիրապետության ներքո` վաղուց գաղտնիք չէ: Անգամ միջազգային բնապահպանական կազմակերպություններն են ահազանգել այն մասին, որ Արաքս գետի հունից անթույլատրելի ծավալներով ավազ է արդյունահանվում, ինչի արդյունքում գետն աստիճանաբար փոխում է իր հունը: Արդյունքում ոչ միայն ՀՀ սահմանն է նեղանում, այլեւ անվերականգնելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին եւ ստեղծվում է հեղեղումների լուրջ վտանգ:

Այսօր ՀՀ-ում շահագործվում են 432 ոչ մետաղային (քարի, ավազի) եւ 25 մետաղային հանքավայրեր, որոնք բնապահպանների գնահատմամբ` մեծ վնաս են պատճառում հողին, ջրին, բուսականությանը: Այդ թվում են նաեւ Արարատյան դաշտավայրի մի քանի համայնքների երբեմնի մշակվող հողերը, որոնք ներկայում վերածվել են ավազահանքերի: Նշենք, որ ավազահանքերի շահագործումից հետո տվյալ հողատարածքներն ընդերքի մասին ՀՀ օրենքի համաձայն` հանքավայրերը շահագործելուց հետո պարտադրվում է կատարել բուսական շերտի վերականգնում, այսինքն` ռեկուլտիվացիա: Պետք է պարտադիր ենթարկվեն ռեկուլտիվացիայի: Սակայն Արարատի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս պահին մարզում ռեկուլտիվացիայի ենթարկվող հողատարածք չկա:
Տերտերյանի խոսքով՝ Ռանչպար, Լուսառատ, Արարատ համայնքներում այս պահին ավազահանքեր են գործում, սակայն որեւէ մեկին չեն վնասում. «Մեզ մոտ ավազահանքերը հողատարածքների մոտ չեն, այլ Արաքս գետից են հանվում»:
Մասնագետների պնդմամբ՝ վերջին տարիներին Արաքս գետի երկայնքով ձգվող ավազահանքերի պատճառով հայկական կողմից գետի հունը ներս է եկել` խախտելով հայ-թուրքական սահմանը հօգուտ Թուրքիայի: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ ավազահանքերի մեծ մասը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ Արաքսից չվերականգնվող ծավալներով ավազի արդյունահանման հետեւանքով գետի հունն ահագին լայնությամբ ու երկարությամբ ներս է եկել` փոխելով ՀՀ սահմանն ու թուրքերին հնարավորություն տալով իրենց տարածքը մեծացնել ի վնաս Հայաստանի:
«Ինձ մոտ դրված է ավազահանքերի ցանկը, բայց ոչ մի տեղ գրված չեն Հովիկ Աբրահամյանի կամ Գագիկ Ծառուկյանի անունները: Ես ձեզ հիմա ի՞նչ ասեմ: Որեւէ տեղ նման բան չկա գրված»,- ի պատասխան հանքերի սեփականատերերի մասին մեր հարցին` ասաց մարզպետարանի պաշտոնյան:
Տերտերյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց նաեւ, որ ավազահանքերի գործունեության արդյունքում այս պահին Արաքս գետի հունը չի խախտվում: Ավելին՝ այս խնդիրը մշտապես վերահսկողության տակ է գտնվում: «Չէ, նախկինում կար այդ խնդիրը, բայց հիմա՝ ուղղվել է: Այն ժամանակ ջուր կար, հիմա նույնիսկ ջուր էլ չկա: Ինչպե՞ս կարող է հողատարածքներին վնասի ավազահանքի շահագործումը, եթե ջրից են հանում ավազը: Ինքներդ պատկերացրեք՝ ջրից հանում են ավազը, հետո՝ ջուրը բերում կրկին լցնում է. վերջացավ գնաց»,- նկարագրեց Տերտերյանը:
Նա, իհարկե, մոռացավ նշել, որ մայր գետը հանքավայրի վերածած օլիգարխ պաշտոնյաներն այնպիսի ագահությամբ են ավազազերծում գետի հունը, որ Տերտերյանի ասած` ջուրը չի կարողանում այդքան կրկին բերել լցնել:
Իսկ ահա Ռանչպար համայնքի ղեկավար Մանուկ Օհանյանը չի ցանկանում նույնիսկ լսել, թե ավազահանքի շահագործումն ինչ վնաս կհասցնի համայնքին: Հակառակը. «Մեր գյուղում կա ավազահանք: Մեզ դա շատ հարցերում է օգտակար. քանի որ գյուղամիջյան ճանապարհները խճապատում ենք ավազով, գյուղում մարդ է մահանում, ավազ է պետք գալիս, որն էլ մենք վերցնում ենք ավազահանքից՝ առանց որեւիցե մի բանի: Ուրիշ էլ ի՞նչ պետք է անի, փոշի չեն հանում, որ վնասեն մեզ, հակառակը՝ մեր գյուղից տասնյակ մարդիկ աշխատում են այդ հանքերում: Իսկ հանքերի տերերն էլ իրենք հարկն ու տուրքը ժամանակին մուծում են»:
Նրա խոսքով՝ «Սաշա եւ Սպարտակ» ընկերությունը, որն ավազի հանք է շահագործում Ռանչպար համայնքում, գյուղապետարանին 400-500 հազար դրամի չափով գումար է վճարում: «Այս տարի գետում ջուր չկա, դրա համար էլ ավազ չի բերում: Արդյոք աշնանը ավազ կլինի, թե ոչ` տեղյակ չեմ: Բայց, իմ կարծիքով, մինչեւ գարուն ջուր չի լինելու: Ձմռանն էլ թե ձյուն գա, ջուր կլինի: Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ թուրքերն իրենց կողմից պոմպեր են դրել գետի մոտ, ինչի պատճառով մեզ մոտ այդքան էլ ջուր չի գալիս: Իրենց ոռոգման համար ավազաններ են ստեղծել»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս