ՄԵՐ ԼԵԳԵՆԴԸ
Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը «Գլոբալ Բիթ» փառատոնի շրջանակներում օրերս համերգ է տվել Նյու Յորքի «Բրուքֆիլդ Փլեյս» համալիրում: Փառատոնի կազմակերպիչները նրան բնութագրել են որպես «Աշխարհի մեծագույն արվեստագետ»: «Ջիվան Գասպարյանը լեգենդ է, որը մեծ հեղինակություն ձեռք բերեց` 80 անց տարիքում թողարկելով «I Will Not Be Sad in This World» (ես երբեք չեմ տխրի այս աշխարհում) ալբոմը»,-նշել են կազմակերպիչները` ավելացնելով, որ նրա երաժշտությունը մտախոհ է եւ տխուր, բայց միաժամանակ լարվածության մեջ է պահում: Գասպարյանի հետ նույն բեմում ելույթ է ունեցել իրանցի քամանչահար Կայան Կալհորը:
ԱՌՆԵՏԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Նյու Յորքի իշխանությունները հերթական «պատերազմ»-ն են հայտարարել առնետներին, որոնց դեմ դաժան պայքարը կսկսվի եկող ամիս` քաղաքի ամենաառնետաշատ վայրերում։
Ըստ մասնագետների հաշվարկների՝ առնետների քանակը 2 անգամ գերազանցում է Նյու Յորքի 8.4 միլիոնանոց բնակչության թիվը:
Կրծողների դեմ պայքարի համար իշխանությունները հատկացրել են ավելի քան 600.000 դոլար, որով կգնվեն թունավոր նյութեր ու կփակվեն այն բոլոր անցքերը, որոնցով առնետներն ազատ ելումուտ են անում:
ԱՄԵՆԱԹԱՆԿ ՉԻՆԱԿԱՆ ՖԻԼՄԸ
Հոլիվուդյան դերասաններ Ջոն Քյուսակը եւ Էդրիան Բրոուդին կնկարահանվեն Ջեքի Չանի նոր չինական կինոնախագծում:
Ֆիլմը պատմական ժանրի է, կոչվում է «Վիշապի սայրը»: Ըստ աղբյուրի` սա չինարենով թողարկվելիք ամենաթանկարժեք ֆիլմը կլինի, որի բյուջեն 65 մլն ԱՄՆ դոլար է:
Հայտնի է, որ Քյուսակն ու Բրոուդին մարմնավորելու են հռոմեացի լեգեոներներին, ովքեր Չինաստանում էին հայտնվել մ.թ.ա. 48 թվին: Ինքը` Չանը, կմարմնավորի տեղի ռազմական առաջնորդին: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015-ի փետրվարին: