ՀԱՐՑ. Ես բանկի հետ կնքել եմ ապառիկի պայմանագիր: Վարկային պայմանագրից բխող վճարումները կատարել եմ ուշացումներով, որի արդյունքում հայտնվել եմ սեւ ցուցակում: Այժմ դիմում եմ կրկին վարկային պայմանագիր կնքելու նպատակով, սակայն ինձ հետ հրաժարվում են վարկային պայմանագիր կնքել: Խնդրում եմ ասեք, ի՞նչ կարելի է անել նման դեպքերում:
Սուսաննա Գրիգորյան (39 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) ինքն է ազատորեն որոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ? ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը? վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: Վարկային պատմությունը հանդիսանում է լրացուցիչ չափանիշ անձի վարկունակությունը գնահատելու գործում: Նշենք նաեւ, որ Խնդրահարույց վարկերի մասին տեղեկատվությունը չի արտացոլվում վարկային զեկույցում հետեւյալ դեպքերում.
եթե խնդրահարույց վարկի (մարված կամ դուրս գրված) մասին տեղեկատվությունը չի թարմացվել վարկատուի կողմից հինգ տարուց ավելի ժամանակահատվածում` սկսած ներկա պահից, կամ
եթե խնդրահարույց վարկը լիովին մարված է եւ վերջին վճարման պահից անցել է հինգ տարուց ավելի ժամանակահատված, կամ
եթե խնդրահարույց վարկի պայմանագրով սահմանված վերջնական մարման ամսաթիվն ունի հինգ տարուց ավելի վաղեմություն:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով բանկերի եւ վարկային կազմակերպությունների աշխատելաոճը, հորդորում ենք մեր հայրենակիցներին վարկային պարտավորություններ ստանձնելու, ապա եւ` կատարելու հարցում լինել հնարավորինս պարտաճանաչ եւ հաշվենկատ:
ՀԱՐՑ. Կուզեի իմանալ անվանափոխության, ՔԿԱԳ գրառումներում ուղղումների, լրացումների կատարման, ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի եւ պետական տուրքի չափը:
Լարիսա Մխիթարյան (56 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով: Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ ԱՆ անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ՝ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով` երեք աշխատանքային օրվա ընթացքում 50.000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 30000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում 20000 դրամ: ՔԿԱԳ գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունների կատարման, քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման վերաբերյալ դիմումը ՔԿԱԳ մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գրանցման վերականգնման վերաբերյալ կամ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ, ապա կառավարության որոշմամբ՝ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով` երեք աշխատանքային օրվա ընթացքում` 30.000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 20.000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում 10.000 դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ վճարման դրույքաչափերը բավականին մեծ են, թեպետ` մարդու անվան գինը, թերեւս, արժե ավելին։ Կարեւորը, որ համապատասխան մարմինները անհարկի խոչընդոտներ չհարուցեն եւ չձգձգեն գործընթացը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնաբերաբար հանգեցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն, թե ոչ:
Դավիթ Հունանյան (36 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Հունանյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տեղեկությունների համաձայն, 2008 թվականից մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 30-ը դադարեցվել է 2879 անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության վիճվարչության պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի այդ երկրի քաղաքացիությունը ձեռք բերելու համար հաշվառման է կանգնել 587 հազար 69 ՀՀ քաղաքացի, իսկ 145 հազար 122 ՀՀ քաղաքացի ՌԴ-ում ժամանակավոր բնակության իրավունք է ստացել: