Եվ այսպես, դեպի շրջադարձային քայլը` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը, համենայն դեպս դրա նախանշված օրը` հուլիսի 1-ը, մնացել է ընդամենը տասներեք օր, սակայն առայժմ Հայաստանի իշխանության ներսում որեւէ մեկը հստակ տեղեկատվություն չունի՝ արդյոք դա իրականություն կդառնա:
Առհասարակ, սեպտեմբերի 3-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների մասին ՀՀ ամենաբարձր ղեկավարությունն անգամ տեղեկացվում է պոստֆակտում ռեժիմով` այդ որոշումների կայացումից հետո: Աբսուրդային է հնչում, սակայն այնպիսի տպավորություն է, որ անգամ Սերժ Սարգսյանն ինքը գնալով այս կամ այն վճռորոշ գագաթաժողովին կամ նիստին` մինչեւ վերջ չգիտի իր անելիքն ու ասելիքը, եւ որոշումները կայացնում է տեղում` ելնելով իրավիճակից:
Իհարկե, դրա համար կան բազմաթիվ պատճառներ, այդ թվում եւ` օբյեկտիվ, սակայն դա որեւէ կերպ չի արդարացնում Սերժ Սարգսյանին, կամ մեղմացնում նրա մեղքերը` Հայաստանի` որպես արժանապատիվ, ինքնիշխան պետություն, աննախադեպ հեղինակազրկման հարցում:
Եվ հիմա, երբ Հայաստանին ասվել է` առանց Ղարաբաղի, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Ս. Սարգսյանն էլ համաձայնել է, անհասկանալի է, թե էլ ինչում է խնդիրը, որ հուլիսի 1-ին նախանշված` ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման հետ կապված ՀՀ իշխանություններն այդքան զգուշավոր են ու քչախոս:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով սովորաբար քչախոսությամբ աչքի չի ընկնում, ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ բոլոր հարցերին ի պատասխան` երեկ հղում էր անում ԵՏՄ պաշտոնական կայքէջին, որտեղ ներկայացված է ԵՏՄ բարձրագույն մարմնի որոշումը` հուլիսի 1-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը պատրաստ ներկայացնելու մասին: Իսկ թե արդյո՞ք այդ պայմանագրի պատրաստ լինելը ավտոմատ կերպով նշանակում է, որ այն կստորագրվի, այդ հարցին Քոչարյանը ոչ մի կերպ ականջալուր չեղավ:
Ոչ պակաս անտեղյակ էր նաեւ Էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը, ով նախօրեին հենց այդպես էլ ասաց` «ես տեղյակ չեմ»:
Ինքը` Սերժ Սարգսյանը, երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հետին թվով սրբագրելով Աստանայում թույլ տված բացթողումները, այդպես էլ հստակ չհայտարարեց՝ արդյոք հուլիսի 1-ին Հայաստանն, ի վերջո, կանդամակցի ԵՏՄ-ին:
Այդպիսով, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները Ս. Սարգսյանի սիրելի բառով ասած` առաջանցիկ տեմպերով կատարեցին ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզ»-ի բոլոր կետերը եւ համաձայնեցին Եվրասիական տնտեսական միությանն առանց Ղարաբաղի անդամակցելու Ալիեւի նախապայմանին, Հայաստանի հեռանկարը շարունակում է անհստակ մնալ: Հակառակ դեպքում՝ ոչինչ չէր խանգարում Սերժ Սարգսյանին երեկվա հարցազրույցում պարզ ու ուղիղ տեքստով ասել, որ հուլիսի մեկից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ:
ԳՐԳՌԱՀԱԼԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ