ՊՈՒՏԻՆԸ ԵԿԵԼ ԷՐ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական այցով երեկ Հայաստանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարեց, որ ՌԴ-ն ոչ միայն չի հեռանա Անդրկովկասից, այլեւ ավելի կամրապնդի իր դիրքերը: Ու պատահական չէ, որ այս համատեքստում Պուտինն ասաց, թե իրենք ՄՄ-ին անդամակցելու հարցում նույնիսկ չեն հասցնում հայ գործընկերների հետեւից: Նշենք, որ Պուտինի այցն անցավ անվտանգության աննախադեպ միջոցառումների ներքո. ե՛ւ Երեւանում, ե՛ւ Գյումրիում ողջ օրվա ընթացքում ոտնահարվել էր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. Գյումրիում արգելվել էին անգամ հուղարկավորությունները: Բացի այդ՝ ոստիկանությունը երեկ բերման էր ենթարկել Պուտինի այցի եւ ՄՄ-ին ՀՀ անդամակցության դեմ բողոքի ցույց անող 110 քաղաքացու, այդ թվում եւ լրագրողների:

Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա ռուսական գրքի գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի բացումը: Ընդ որում, միջոցառումը նախատեսված է անցկացնել վաղ առավոտյան՝ ժամը 9-ին: Սա ուշագրավ է այնքանով, որ ԱԺ-ում վաղուց ի վեր գործում է առանձին գրադարան, որտեղ քիչ չեն նաեւ ռուսերենով գրքերը: Բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է կապիտալ վերանորոգումից հետո մի հսկայական սենյակ առանձնացնել ռուսական գրքի գրադարանի համար: Մինչդեռ եթե Հ. Աբրահամյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար, երիտհանրապետական Գուրգեն Դումանյանը ՀՀ-ի անկախության հանդեպ փոքր-ինչ հարգանք ունենային, ոչ թե նման կերպ կվարվեին, այլ գրադարանում ռուսական գրքի անկյուն կառանձնացնեին: Բայց նրանք այս հարցում էլ են որոշել ամենավերջին ձեւով քծնել ՌԴ իշխանություններին. դե իհարկե, եթե Սերժ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ է մասնակցում հուշարձանի բացմանը, ԱԺ-ում էլ ռուսական գրքի առանձին գրադարան են բացում:

Այս օրերին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մի քանի տասնյակ խանութներ են փակվել: Պատճառը Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի՝ Վարդան Սահակյանի, խանութպանների բնորոշմամբ, նենգ գործելաոճն է, որի համար նրանք պահանջում են Սահակյանի հրաժարականը: Տեղեկացնենք, որ Սահակյանը նոր է նշանակվել Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ, նախկինում նա զբաղեցնում էր Հրազդանի հարկային տեսչության պետի պաշտոնը: Ու նրա պաշտոնավարման շրջանում Հրազդանում նույնպես բողոքի ակցիաներ անցկացվեցին, ինչի արդյունքում էլ Հրազդանում սննդի սպասարկման ավելի քան 10 հասարակական օբյեկտներ պարզապես փակվեցին, իսկ մի քանի տասնյակ մարդ գործազուրկ դարձավ: Փաստորեն, նոր պաշտոնում եւս Սահակյանից դժգոհողների պակաս չկա. մանր բիզնեսով զբաղվող մարդիկ «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ նորանշանակ պետը չարաշահում է իր պաշտոնական դիրքը: Իսկ ՀՀ ՊԵԿ նախագահ, ՀՀ ամենահարուստ պաշտոնյա Գագիկ Խաչատրյանն այս առումով որեւէ քայլ չի ձեռնարկում:

Նոյեմբերի 21-ից Ուկրաինայի մայրաքաղաքում սկսված հանրահավաքները մտնում են «հեղափոխական փուլ»: Երկրի Գերագույն ռադայի գլխադասային՝ պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի 9 անդամներից 8-ը դրական եզրակացություն է տվել կառավարությանն անվստահություն հայտնելու ծրագրին: Այսօր Ուկրաինայի ընդդիմադիրները կշարժվեն դեպի կառավարություն՝ շրջափակելու: Իսկ ռադայում քննարկվելու է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Այս «գործը գլուխ» բերելու համար անհրաժեշտ կլինի ռադայի 226 անդամների ձայն: Հայաստան հասած տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի ընդդիմությունը երեկ կարողացել է ռադայի շուրջ 215 ներկայացուցիչների համոզել, որ կողմ քվեարկեն Ազարովի կառավարության անվստահության հարցին: Կիեւում սրված իրավիճակի մտահոգությամբ երեկ Ուկրաինայի վարչապետը հանդիպել է ԵՄ երկրների եւ ԱՄՆ դեսպանների հետ:




Լրահոս