ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՌ ԾԱԽՍԵԼՈՒ ԵՆ

«Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեց պարզել, թե նախարարությունն ինչքան գումար է ծախսել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի իրազեկման համար: Մեր այս հարցերին նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին. «Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքները ֆինանսավորվել են ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցներով` հաշվի առնելով մեր կողմից ներկայացված կարիքները: ԱՄՆ ՄԶԳ-ն ծախսած գումարների վերաբերյալ հաշվետու չէ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Հանրային իրազեկման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից գումարներ չեն ծախսվել»:

ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուրբաթ օրն ԱԺ ՀՀԿ-ական նորաթուխ պատգամավոր Արմեն Կարապետյանը բավական շքեղ հարսանիք է կազմակերպել իր դստեր համար: Արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող «Ռենեսանս» ռեստորանային համալիրում: Բայց հարսանիքի «քաղաքական ենթատեքստը» հրավիրյալներն են: Կարապետյանի դստեր հարսանիքին մասնակցել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ մի շարք ՀՀԿ-ականներ: Կարապետյանը խնջույքին չի հրավիրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Տեղեկություններ կան, որ նրանց փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են՝ չնայած այն բանին, որ Խաչատրյանն ամեն ինչ արեց, որպեսզի Կարապետյանը պատգամավոր դառնա: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու Ս. Խաչատրյանին չի հրավիրել հարսանեկան արարողությանը, Կարապետյանը բազմանշանակ պատասխան տվեց. «Ա՜յ քեզ բան»:

ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿ

Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի ծնողները դեռ մի քանի հարցերի պատասխանի են սպասում, որ նոր որոշեն՝ արդյոք իրենց երեխաները կներկայանան դասի, թե ոչ: Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանն ասաց, որ 6բ դասարանում դասը վարել են քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ փորձել համաձայնության գալ. «Ես հստակ չեմ կարող ասել՝ արդյոք այս ամենից հետո վաղը (այսօր-խմբ.) երեխաները կգան դասի, թե ոչ: Դեռ ոչինչ հայտնի չէ»:

Աշակերտներից Դավիթի հայրը՝ Հապետը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ խնդիրն ամենեւին էլ չի կարգավորվել. «Ուստի երեխային դեռ չեմ տանի դպրոց»: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դպրոցի 6բ դասարանի աշակերտներից Հարություն Ղազարյանը մշտապես ծեծի է ենթարկում իր համադասարանցիներին՝ միաժամանակ հայտնելով, թե այդ կերպ պաշտպանվում է:




Լրահոս