ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ԽՈՋՈՅԱՆՆ ԷԼԻ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ Է ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը»-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հոգում իր կեցության հարցը սույն թվականի մարտի 8-ին Ադրբեջանում գերի ընկած եւ մոտ մեկ ամիս գերության մեջ անցկացրած, նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ ներկայում Արսեն Խոջոյանն ու նրա հայրը Սեւանի տարածաշրջանում ուրիշների անասուններն են պահում: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերի էր ընկնել հենց անասուններ պահելու ժամանակ՝ հանդում մոլորվելու պատճառով:
Փաստորեն գերի ընկած երիտասարդը, ով հաստատ հոգեկան ու ֆիզիկական տառապանքների է ենթարկվել Ադրբեջանում, կրկին, սոցիալական ծանր պայմաններից ելնելով, զբաղվում է այն աշխատանքով, որն իրեն տարավ թշնամու դուռը: Իսկ պետության պոզիտիվ պարտականությունը, այն է՝ օգնել իր տուժած քաղաքացուն, ըստ գյուղապետի, սահմանափակվում է միայն երիտասարդին բժշկական հետազոտության ենթարկելով: Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը հավանաբար քաղաքական իրադարձություններին չի հետեւում, այլապես տեղյակ կլիներ ՀՀԿ 15-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի այն մասին, որ «Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում եւ ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին»: Չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ Արսենի շրջապատի հանրապետական, Տավուշի ներկայիս մարզպետ, մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Հովիկ Աբովյանն օգնել է սոցիալական ծանր վիճակում գտնվող Խոջոյանների ընտանիքին:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւս հայտնի չէ, թե երբ է գործելու «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին օրենքը: Այդ մասին Արցախում հայտնել են «Ժողովուրդ»-ի թղթակցին: Ավելին, մեր տեղեկություններով՝ ԼՂՀ իշխանությունները որոշել են այն հետաձգել եւս 1 տարով, քանի որ Հայաստանում նույնպես այդ համակարգի «ճակատագիրը» դեռեւս անհայտ է: Արցախում սպասում են, թե, ի վերջո, ինչ օրենք են ընդունելու ՀՀ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որպեսզի նույն օրենքը նույն ձեւակերպումներով ընդունեն նաեւ իրենց մոտ: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի հետ, ով ասել է. «Հարցը ներկայում դեռ քննարկման փուլում է, մենք մեր ուսումնասիրությունները կսկսենք միայն այն պարագայում, երբ կառավարության կողմից փաթեթը կներկայացվի ԱԺ»:

 

«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը փորձում է Աշտարակում գազալցակայան կառուցել, սակայն վերջինիս դեռ չի հաջողվում ստանալ քաղաքի ավագանու համաձայնությունը: Իսկ Աշտարակի ավագանին ընդդիմանում է, ու հատկապես մայիսի 30-ի նիստը փոթորկալից մթնոլորտում է անցել, երբ քաղաքապետ Արմեն Անտոնյանը առաջարկել է կայացնել մի որոշում, համաձայն որի՝ նոր կառուցվող սպորտդպրոցին հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար: Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չեն տվել հողատարածքի աճուրդը իրականանա, քանի որ անվտանգության ոչ մի կանոն պահպանված չէ, բացի այդ, այդ հողատարածքը պատկանում է սպորտդպրոցին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նիստից հետո Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, Ա. Անտոնյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են ազդել ավագանու անդամների վրա, որոշ դեպքերում էլ՝ սպառնալ:

 

Մայիսի 17-ին Երեւանում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի: BMW X6 մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը դեպքի վայրում է գտնվել, անհետացել է: Գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանը գործը վարող քննիչին դիմում է ներկայացրել այն մասին, որ իրեն պատկանող X6 մակնիշի ավտոմեքենան չկա: Պարզվում է՝ ոստիկանությունը մինչ օրս չի առգրավել այն: Լուրեր կան, որ Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախցի քրեական հեղինակություն Հակոբը՝ համարելով, որ սխալ մարդու են նվիրել այն: Բայց մյուս կողմից՝ մեքենայի կորելը խիստ առեղծվածային կարելի է համարել, քանի որ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ օրը «Վերնիսաժ»-ի տարածքում հնչել է 13 կրակոց, որոնցից 8-ն արձակել է Գոռ Առաքելյանը (մեկ պահունակ): Իսկ թե ինչ հանգամանքներում են դեպքի վայրում հայտնվել մնացած 5 փամփուշտները, դեռ պարզվում է: Չի բացառվում, որ կրակոցներ են հնչել նաեւ BMW-ի միջից, ու հիմա հետքերն են մաքրվում:




Լրահոս