ՊԱՏՇԱՃ ԿԱՐԳՈՎ
Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանին սույն թվականի ապրիլի 30-ին ՀՀ արդարադատության նախարար նշանակելուց հետո, մոտ մեկ ու կես ամիս է, ինչ այդ պաշտոնին նշանակում չի արվում: Համաձայն շրջանառվող խոսակցությունների՝ իբր թե Վրաստանում ՀՀ դեսպան պետք է նշանակվեր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը: Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանն՝ արձագանքելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե որքանով են հավաստի այդ լուրերը, տվեց ստանդարտ պատասխան, որ Ս.Սարգսյանի հրամանագրերի եւ նշանակումների մասին նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին:
ԲՈԲԻԿՆԵՐԸ
Քառյակի 12 կետանոց պահանջներին ոգեւորությամբ արձագանքած ՀՀԿ-ական պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, հայտնվել են անհարմար իրավիճակում: Բանն այն է, որ «Ժողուվուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին` շաբաթ օրը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ-ականների հռետորաբանությունը կտրուկ փոխվել է: Էդուարդ Շարմազանովը նիստից անմիջապես հետո, իսկ երեկ էլ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել են, թե իրենք չեն կատարի Քառյակի ոչ մի պահանջ, եթե ոչ իշխանական ուժերը պնդեն այն տեսքով, ինչ ներկայացրել են: «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀԿ նիստում Քառյակի պահանջների մասին Սերժ Սարգսյանը բացասական է խոսել, նույնիսկ նախատել է ՀՀԿ-ականներին՝ «ջուրը չտեսած բոբիկանալու համար»: Ու հիմա, ստացվում է, որ ՀՀԿ-ականները «սխալն են ուղղում»: Չնայած որ, անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր հայտարարել, թե պահանջների մի մասը կիրականացնեն:
ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Պարզվում է՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները բավականին հարուստ մարդիկ են: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը դեռ նախորդ տարի հայտարարագրել է 26 մլն դրամ եւ 42.5 հազար ԱՄՆ դոլար, ու սա այն դեպքում, երբ նա ստանում է տարեկան մոտ 3.8մլն դրամ աշխատավարձ: Նախարարի մյուս տեղակալը՝ Արսեն Մկրտչյանն, ավելի մեծ ունեցվածք ունի՝ երկու սեփական տուն, հասարակական նշանակության մեկ շինություն, Լեքսուս RX330 մակնիշի մեքենա: Իսկ հաշվեհամարին Մկրտչյանն ունի 2 մլն դրամ եւ 18 հազար դոլար: Նախարարի տեղակալ Արման Թաթոյանը եւս հայտարարագրել է նույն Լեքսուս մեքենայից, ինչ Մկրտչյանը: Բացի այդ, Թաթոյանը հայտարարագրել է 15.9մլն դրամ, 5.5 հազար դոլար եւ 8.5 հազար եվրո: Ընդ որում, նա, բացի աշխատավարձից, հայտարարագրել է «քաղաքացիաիրավական այլ պայմանագրից ստացված եկամուտ»՝ 2.5 հազար եվրոյի չափով: