Արտակ Բուդաղյանն արդեն աշխատանքի է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վիրահատությունից հետո կազդուրվում է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, ով հավելեց, որ որդին հաջորդ դատական նիստին կներկայանա:

«Արդեն լավ ա: Գործի ա գնում: Ամսի 4-ի նիստին ներկայանալու ա»,- ասաց Էմիլ Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ գործով առաջին դատական նիստը չէր կայացել, քանի որ ամբաստանյալ Ա.Բուդաղյանը հետվիրահատական փուլում վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան:

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել է, որ դեպքի օրը հնչեցված կրակոցների հետևանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, ևս 2 մարդ` մահացածի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է, և Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել էին: Արտակ Բուդաղյանը մեղադրվում է Խաչատրյաններին սպառնալու մեջ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Լուսանկարը` Emedia.am-ի




Լրահոս