ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թող ձեզ չթվա, թե չենք քնում, մտածում ենք՝ ոնց սակագին բարձրացնենք: Մեզ էլ է հուզում հարցը, բայց եթե այսօր չանենք, մի տարի հետո, մեկ է՝ կանգնելու ենք նույն խնդրի առաջ»:

Վահրամ Բաղդասարյան 168.am

Եթե ՀՀԿ-ականներին սակագների բարձրացման հարցը հուզեր, ապա ժամանակին Ռուսաստանի հետ խայտառակ պայմանագրեր չէին կնքի եւ արդյունքում այսօրվա վիճակը չէինք ունենա: ՀՀԿ-ականներին ի սկզբանե հուզել եւ հուզում է միայն իրենց գրպանների պարունակությունը եւ զբաղեցրած աթոռների ամրությունը: Եվ այսօր իրենց ժողովրդի մասին մտածող, սակայն «ճարահատյալ» թանկացումներ թույլ տվողի, զոհի դերում ներկայանալը, առնվազն ծիծաղելի է: Ուստի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ավելի ազնիվ կլինի հանրության հետ, եթե սեթեւեթելու փոխարեն ընդօրինակեր իր որոշ կուսակիցներին եւ դեմ արտահայտվեր էլեկտրաէներգիայի թանկացմանը:

 
««Զվարթնոց», «Գառնի» տաճարների կամարների ներքո հարսանյաց ծեսեր են իրականացվել: Միաժամանակ հայտնում ենք, որ բաց եւ փակ միջոցառումները իրականացվել են ու կիրականացվեն բացառապես տաճարի հարեւանությամբ գտնվող խոտածածկ հատվածում..»:

ՀՀ մշակույթի նախարարություն

«Զվարթնոց» եւ «Գառնի» տաճարների, որպես պատմամշակութային եւ հոգեւոր արժեքներ հանդիսացող տարածքներում հարսանյաց ծեսերի զուտ ծիսական՝ պսակադրության մասը կարող է ընդունելի լինել, սակայն այս դեպքում խոսքը ոչ ավել ոչ պակաս՝ «փարթիի» կամ ավելի հասկանալի լեզվով ասած՝ կորպորատիվ միջոցառման մասին էր, որն իրականացրել էր մի ընկերություն՝ վճարելով դրա համար համապատասխան գումար: Փաստորեն ստացվում է, որ Մշակույթի նախարարությունն ընդամենն, առանց միջոցների խտրականության, միայն փող աշխատելով է զբաղված` պղծելով ազգային արժեքները: Հետաքրքիր է՝ մինչեւ ե՞րբ:

 
«Պետական մարմինների աշխատակիցները չեն կարող հրաժարվել «պարտադիր կուտակային»-ից «նպատակային սոցիալական վճար»-ի վերափոխված պարտադիր վճարումներից: Պարտադիր կուտակային վճար այլեւս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար»:

Արտեմ Ասատրյան Tert.am

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ով արդեն մեկ անգամ չէ, որ աչքի է ընկնում պաշտոնական անսկզբունքայնությամբ եւ պարզապես վերեւից եկող հրամանները կատարելով է զբաղված, կրկին փորձում է կիրառել ուղեղալվացման տեխնոլոգիաներ՝ զուտ բառախաղերի միջոցով փորձելով խաբուսիկ պատկեր ստեղծել: Ի՞նչ տարբերություն՝ պարտադիր կուտակային կկոչվի, թե նպատակային սոցիալական վճար, եթե, միեւնույն է, այն պարտադիր կերպով գանձվելու է: Առանց բովանդակությունը եւ բուն էությունը փոխելու, ընդամենը հիմնավորումներն ու բառերը փոխելը ոչ այլ ինչ է, քան էժանագին աչքակապություն:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս