Երեկ՝ Ազգային ժողովի նիստում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ կառավարությանը զգուշացրեց, որ եթե այս անգամ էլ ԱԺ մեծամասնությունը կառավարության հորդորով բոյկոտի պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի քննարկման հարցը, ապա ԲՀԿ-ն այսուհետ իրեն իրավունք է վերապահելու չմասնակցել կառավարության կողմից ներկայացված որեւէ նախագծի քննարկման: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Եթե կառավարությունը շարունակի իր այս գործելաոճը եւ ժողովրդի կենսական շահերին վերաբերող նախագծերն ուղղակիորեն տորպեդահարի, ապա մենք կվարվենք այդպես: ԲՀԿ-ի կողմից ներկայացված ցանկացած նախագիծ իմպերատիվ կերպով ստանում է բացասական եզրակացություն, բնականաբար կառավարության թիմակից խորհրդարանական մեծամասնությունն իմպերատիվ կերպով քվեարկությամբ մերժում է օրակարգ ներառել այն հարցերը, որոնց մասին բարձրաձայնում է ԲՀԿ-ն: Մենք խմբակցությունում քննարկել եւ որոշել ենք, որ եթե իրենք շարունակեն այդպես եւ չվերանայեն իրենց այդ մարտավարությունը, մենք ուղղակիորեն չենք մասնակցի կառավարության բերած որեւէ նախագծի քննարկման:
-Տեսակետ կա, որ ԲՀԿ-ի քննադատության անփոփոխ թիրախը կառավարությունն է, քանի որ ԲՀԿ-ի նպատակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «աթոռին տիրանալն» է: Ըստ այդմ` այս դեպքում եւս Ձեր պայքարի հիմքում հենց Տ. Սարգսյանի դիրքերը թուլացնելու ցանկությունն է: Ի՞նչ կասեք ի պատասխան:
-Այսինքն՝ ստացվում է, որ մենք ներկայացնում ենք լավ նախագիծ, բայց քանի որ մենք հոգու խորքում կառավարությանը չենք սիրում, իրենք պատժում են ժողովրդին ու մեր լավ նախագծին տալիս են բացասական եզրակացություն: Այլ մոտիվացիա այս կառավարության մոտ չի էլ կարելի պատկերացնել: Մենք այժմ հարց ենք բարձրացրել, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված քննարկում է ընթանում, իսկ քննարկումն իմպերատիվ պահանջ է, կանոնակարգ, անկախ նրանից՝ իրենք դահլիճում կլինեն, չեն լինի, քննարկումը տեղի է ունենալու, իսկ մենք էլ մեր դիրքորոշումը հայտնելու ենք:
-Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են դուրս եկել փողոց` հայտնելով իրենց դժգոհությունը ներդրվելիք համակարգից: Դա որակվեց որպես քաղաքական ռեկետ…
-Մենք պարոն Արծվիկ Մինասյանի հետ ցուցարարների հետ էինք, նախագիծը պետք է հետաձգվի մեկ տարով, եւ թիվ մեկ պահանջն այն է, որ «պարտադիր» դրույթը հանվի: Թողե՛ք թող քաղաքացին ինքը որոշի՝ ինքը վստահում է այս իշխանական համակարգին, ինքն ուզում է այս կառավարության սահմանած խաղի կանոններով առաջնորդվել, թե ոչ: Ես կարծում եմ, որ այս կառավարության հանդեպ չկա վստահություն, եւ քանի որ չկա վստահություն, քաղաքացին վստահ չէ, որ 40 կամ 20 տարի հետո ինքն իր մասնաբաժին հանած գումարները ստանալու է: Մենք ասում ենք` թողե՛ք քաղաքացին, Սահմանադրական նորմը պահպանելով, ինքը որոշի՝ ուզում է Տիգրան Սարգսյանի «բարեկեցիկ» թոշակը, թե չի ուզում: Գոնե այս նվազագույն շեմը մենք պետք է կարողանանք ապահովել: Ու երկրորդ կարեւոր հարցն այն է, որ այս խնդիրը պիտի դրվի համաժողովրդական հարցման: Հիշո՞ւմ եք, մենք նախորդ խորհրդարանում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարեցինք. այսպիսի հարց դրվեց, որ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը պետք է դրվեն պլեբեսցիտի՝ հանրային հարցման: Առ այս պահն այդ նորմը չի կիրառվել, մինչդեռ սա ժողովրդի մեծամասնությանն առնչվող հարց է: Մենք ասում ենք` հարցը դրե՛ք քննարկման, հետո ժողովուրդը եթե կասի, որ հավատում է Տ. Սարգսյանի կառավարությանը, հավատում է, որ 40 տարի հետո այդ գումարները չեն փոշիանալու, հավատում է, որ այս ներդրված համակարգով ապահովվելու է իրենց համար բարեկեցիկ թոշակ, ուրեմն մենք կենթարկվենք մեծամասնության կարծիքին:
-Չնայած մեծ դժգոհությանը թե՛ հանրության, թե՛ քաղաքական ուժերի շրջանում, Տ. Սարգսյանը հայտարարում է, որ իրենք վճռական են տրամադրված այդ «բարեփոխումն» իրականացնելու հարցում: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա պայքարը:
-Իրենց կողմից տարիներ շարունակ արած բարեփոխումների արդյունքներն ակնհայտ են՝ արտագաղթ, աղքատություն, հուսահատություն, հուսալքություն, արդարության ճգնաժամ: Սա է իրականությունը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ