ԻՆՉՈ՞Ւ Է ԳԱԶԸ ԹԱՆԿ
Տավուշի մարզի վարորդները բազմիցս դժգոհել են, որ մարզի գազալիցքավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալիցքավորման կայաններում՝ 170-180 դրամով: Նշենք, որ Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը, որից գազ են ստանում գազալիցքավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով: Տավուշի վարորդները նաեւ հայտնում են, որ Սեւանի ավազանում ավտոմեքենաները լիցքավորելու դեպքում իրենք ավելի երկար ճանապարհ են անցնում, քան Տավուշի մարզի կայաններում նույն ծավալով լիցքավորելիս: Գուցե դա պայմանավորված է Սեւանի ավազանի սառը կլիմայով, երբ լիցքավորման ընթացքում գազը հասցնում է «նստել»: Տավուշի մարզի տաքսի ծառայությունների վարորդները, ովքեր աշխատում են մարզից Երեւան եւ հակառակ երթուղիներով, սովորաբար իրենց ավտոմեքենաների գազալցավորումը կատարում են Սեւանի լցակայաններում: Հայաստանի տնտեսության մրցակցության հանձնաժողովը պետք է պարզի եւ հանրությանը ներկայացնի, թե ինչո՞ւ է Տավուշի մարզի ավտոգազալիցքավորման կայաններում գազն ավելի թանկ վաճառվում: Մի՞թե ոմանք կարծում են, որ Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներն այլ մարզերում ապրողների համեմատ ավելի վճարունակ են եւ կարող են ավելի թանկ գազ գնել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՃՈՒՐԴՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերզային համալիրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ Վարչական դատարան՝ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի որոշումն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ։ «ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտումներով 2008թ.-ից ստեղծվել եւ գործում է ապօրինի կառույց, որի որոշումները՝ համաձայն «Վարչական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի, իրավական ուժ չունեն եւ ենթակա չեն կատարման։ Հետեւաբար աճուրդն անօրինական է։