ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԵՆ «7 ՊՈՐՏԸ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու գնացած մի շարք հայ գործարարների ու պաշտոնյաների արգելվել է սեփական ավտոմեքենաներով մոտենալ օդանավակայանին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թեեւ նախապես պայմանավորվածություն է եղել, որ պետք է Պուտինին դիմավորելու գնան իրենց անձնական ավտոմեքենաներով, որոնք մի քանի անգամ «ռենտգեն են արել» ու անգամ վարորդների «7 պորտն» են ուսումնասիրել, այնուամենայնիվ, վերջին պահին պայմանները փոխվել են: Նրանց բոլորին օդանավակայան են տեղափոխել ավտոբուսներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել չբացառվող ահաբեկչական գործողություններից: Հավելենք, որ երեկ անգամ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գլխին էին դիպուկահարները «տեղավորվել»՝ պաշտպանելու Պուտինին:

ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ «ՍՊԱՌՆԱԼԻՔ»

Ռուսական բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը Գյումրիում երեկ փորձել էր հարգել-պատվել նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքից դուրս գալիս Ղուկասյանը փորձել է մոտենալ մի քանի ռուս պաշտոնյաների, սակայն արժանացել է վերջիններիս թիկնապահների դիմադրությանն ու հետ մղվել: Քանի որ Ղուկասյանը ո՛չ Շիրակի մարզպետարանի, ո՛չ էլ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմերի խմբերի հետ չի եղել, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան դիտարկել են որպես նշյալ պաշտոնյաների անվտանգությանը սպառնացող տարր: Ի վերջո, նախկին քաղաքապետը ստիպված է եղել ռուսերեն ինչ-որ արտահայտություններ փնթփնթալով հեռանալ: Այս ամենի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վարդան Ղուկասյանից, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Մեր զանգերն անպատասխան թողեց նաեւ Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը:

ԲԻՇԱՐՅԱՆԸ՝ ԹԻԿՆԱՊԱՀ

Երեկ վերջապես եկավ այն «բաղձալի օրը», երբ խորհրդարան ոտք դրեց ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը՝ Քույրիկ Լեւոնը: Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Խաչիկ Հարությունյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դառնալու ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լ. Դոխոլյանը: Եվ ահա երեկ նա խորհրդարանում շրջում էր Բիշարյանի ուղեկցությամբ: Տիկինն էր փեսային թույլատրում՝ երբ խոսել, ում հետ խոսել, ինչպես խոսել կամ ընդհանրապես խոսել, թե ոչ:
Հիշեցնենք, որ հենց այս մանդատավորն էր, որ մեր լրագրողի հասցեին անպարկեշտ ձեւակերպումներով մտքեր էր հայտնել. տեսնենք՝ ԱԺ ամբիոնից ի՞նչ է խոսելու երեկ ԱԺ-ի ուրախությունը դարձած Դոխոլյանը:




Լրահոս