Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը: Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հերթական այցելությունն այս անգամ Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի հ. 40 տանը վարձակալությամբ բնակվող ամուսիններ Հակոբ Բերբերյանի և Սոնյա Դաբաղյանի չորս անձից բաղկացած ընտանիքին էր, որը վերջերս հյուրընկալել է նաև Սիրիայից ներգաղթած իրենց բարեկամուհուն՝ անչափահաս երկու երեխաների հետ:

Սոցիալական ապահովության վարչության պետը տանտիկնոջ հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները: Ընդգծելով, որ սիրիահայերը և նրանց խնդիրները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են, Ռ. Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նման այցելությունները շարունակական բնույթ են կրում, և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում արել և անում է հնարավորը մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին լուծում տալու և նրանց սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետն այս և մյուս սիրիահայ ընտանիքներին առաջարկել է ակտիվ կապ պահպանել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների հետ՝ աջակցություններն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այս անգամ Բերբերյանների ընտանիքին որպես աջակցություն տրամադրվել է հագուստ, կոշկեղեն և դրամական օժանդակություն:




Լրահոս