ԲՀԿ-ՈՒՄ ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը վերջերս դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մշակութային հարցերով խորհրդականը: «Ժողովուրդ»-ը փորձեց տիկին Թամարից պարզել` արդյոք նա չի ընդգրկվելու  ԲՀԿ ընտրացուցակում:
-Տիկի՛ն Պողոսյան, Դուք նախկինում «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էիք, իսկ հիմա ԲՀԿ-ական եք, Ձեզ ինչպե՞ս եք զգում նոր կուսակցությունում, հարմարվե՞լ եք:
-Ես կարծում եմ, որ մենք վաղուց այդ փուլն անցել ենք, կուսակցական աշխատանքների բավականին եռուն շրջան է, եւ մենք այժմ կատարում ենք զուտ կուսակցական աշխատանք, բոլոր պայմանները կան բնականոն աշխատանքներ իրականացնելու համար: Այո՛, շատ նորմալ պայմաններ են, վիճակն էլ շատ լավ է:
-Հնարավո՞ր է, որ առաջիկա ընտրություններում առաջադրվեք ԲՀԿ ցուցակով, կուսակցության ղեկավարությունից ստացե՞լ եք նման առաջարկ:
-Ո՛չ, կարող եք առաջին աղբյուրից գրել, որ ո՛չ, նման բան չկա, ես որեւէ առաջարկություն չեմ ստացել, նման հարց էլ ընդհանրապես չի քննարկվել, այսօրվա իրողությամբ ես Ձեզ ճիշտն ասում եմ, եղա՞վ, սիրելի՛ս:
-Իսկ Դուք ցանկություն չունե՞ք ընդգրկվել ԲՀԿ համամասնական ընտրացուցակում եւ պատգամավորական մանդատի համար պայքարել:
-Ցանկության մասին չեմ խոսում,  ավելի լուրջ բանի մասին պետք է խոսենք: Այսպես կասեմ. կլինի առաջարկություն` կքննարկվի,  չի լինի` ուրեմն չի քննարկվի, առայժմ դա կարող եմ ասել, սիրելի՛ս: Մի բան կարող եմ ավելացնել, որ առայժմ անորոշ վիճակ է, որեւէ լուրջ բան ես Ձեզ ասել չեմ կարող, ուղղակի նման հարց ընդհանրապես չի քննարկվել: Շնորհակալ եմ ուշադրության համար:
-Շուտով սկսվելու է նախընտրական քարոզարշավը:  Դուք, լինելով ԲՀԿ-ական,  ակտիվ մասնակցելո՞ւ եք նախընտրական քարոզարշավին, Ձեր կուսակցության հետ մարզեր գնալո՞ւ եք, թե՞ ամբիոններից եք ելույթ ունենալու:
-Նախընտրական քարոզարշավի հարցերը` լիազորությունների բաշխման, պատասխանատվությունների, այդ գործընթացները դեռեւս քննարկման մեջ են գտնվում, ուզում եմ ասել, որ ես այս պահին ոչինչ չունեմ ասելու: Կլինի որոշում, որպեսզի գնամ՝ ուրեմն կգնամ, չի լինի՝ ուրեմն չեմ գնա: Կարող եմ ասել միայն, որ դեռեւս որոշում չկա, որեւէ հստակ բան` այդ ամենի հետ կապված, չկա: Նախընտրական շտաբում իմ լիազորությունների մասին ոչինչ չկա` կա՞մ,  թե՞ չկամ… Մի խոսքով, ասեմ, որ դա եւս անորոշ է, եւ դրա մասին եւս ոչ մի բան չեմ կարող ասել:
-Վերջին ժամանակներս ԲՀԿ-ի շատ անդամներ ձերբակալվեցին թմրանյութ պահելու համար…
-Վերջացնենք հա խոսակցությունը, բավական է, բավարարվե՛ք այսքանով, ես խորհրդակցության եմ, բավարարվենք այսքանով, եղա՞վ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս