Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը քիչ առաջ ավարտվեց: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Շարմազանովի խոսքով` նիստի ընթացքում ամփոփվել է նախագահի այցը Վրաստան և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակության պահվածքին վեհաժողովի ժամանակ:
«Միշտ էլ տեսականորեն կարելի է տարբեր որոշումներ կատարել: Մեր պատվիրակությունը միասնաբար նման որոշում է կայացրել: Անկախ կուսակցական պատկանելիությունից՝ մեր պատվիրակության անդամները շատ հայրենասեր են և պրոֆեսիոնալ, և եթե նրանք այդպիսի որոշում են կայացրել, նշանակում է՝ դա ճիշտ է», – նշեց նա` հավելելով, թե այստեղից հեշտ է թվում վեհաժողովի ժամանակ տեղի ունենալիքը:
Հիշեցնենք, որ վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ կոպիտ արտահայտվեց Հայաստանի հասցեին, սակայն մեր պատվիրակները ոչ մի ձայն և պատասխան չհանեցին: