Հունիսի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին բնակչության ամառային հանգստի ծառայության կազմակերպման խնդիրները:
Անդրադառնալով ամառային ամիսներին իրականացվող ծառայության առանձնահատկություններին՝ ոստիկանության պետը հատկապես կարեւորեց հանգստի վայրերում գտնվող երեխաների անվտանգության ապահովման առաջնահերթությունը:
Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանությանը հանձնարարեց ուժեղացված ծառայություն կատարել մարզային ճանապարհների հատկապես հանգստյան գոտիների ուղեհատվածներում, ստուգել խճուղիների գծանշումը եւ սերտորեն աշխատել մարզերի ղեկավարության հետ՝ այդ ուղղությամբ թերացումները բացառելու նպատակով:
Ոստիկանության պետը անչափահասների գործերով ծառայության պատասխանատուներին հրահանգեց ուժեղացնել ծառայությունը բնակավայրերում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, որտեղ ամռանը կազմակերպվում են մանկական բակային ճամբարներ, հավաքույթներ ու ժամանցային այլ միջոցառումներ: Միեւնույն ժամանակ հանձնարարվեց ոստիկանության ուժերով ու միջոցներով կազմակերպել եւ իրականացնել անապահով ընտանիքների, մանկատների երեխաների ամառային հանգստի միջոցառումներ:
Օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարվեց տեսադաշտում պահել հանգստի գոտիները, մշտապես վերահսկել բոլոր այն տարածքները, որոնք մարդաշատ են լինում ամռան ամիսներին, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել հակահասարակական երեւույթները բացառելու նպատակով: