ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 62 հազար տոննա շաքարավազ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում շաքարավազի արտադրության ծավալներն աճել են 36.5%-ով: 2012-ի առաջին տասն ամսում ՀՀ-ում արտադրվել էր 45,4 հազար տոննա շաքարավազ: Նշենք նաեւ, որ այս տարի մեր երկիրը զգալի կրճատել է շաքարի ներմուծման ծավալները: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ է ներմուծվել 27,2 հազար տոննա շաքար, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 15,5 մլն ԱՄՆ դոլար: Իսկ 2012-ի առաջին կեսին ՀՀ էր ներմուծվել 33,4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 51,5 հազար տոննա շաքար: Այսինքն՝ Հայաստան շաքարի ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 47%-ով: Նշենք, որ հիմնականում Հայաստան շաքար ներմուծվում է Բրազիլիայից:

ՍԱԿԱԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.1% նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է բուժսպասարկման եւ հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների` համապատասխանաբար 1.7% եւ 1.2% նվազմամբ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ ՀՀ-ում գրանցվել է կենցաղային բնույթի` 0.1%, բնակարանային կոմունալ` 0.1%, հանրային սննդի` 0.1%, մշակույթի ոլորտի` 0.5%, տրանսպորտի` 0.9% գնաճ, իսկ կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: ՀՀ դիտարկված 3 քաղաքներում 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.2-0.1% նվազում, իսկ 8-ում` 0.1-0.2% հավելաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով:

ՈՐՍՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով 2013թ. դեկտեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը դադարեցվելու է Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսը: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է շուրջօրյա շրջիկ հսկողություն իրականացնել լճի առափնյա տարածքում եւ գետաբերաններում, ինչպես նաեւ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության, ոստիկանության Գեղարքունիքի տարածքային բաժնի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների հետ կազմակերպել ստուգայցեր:

ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ

Երեկ վերահսկիչ դատարանը մերժել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու խնդրով: Փաստաբան Արա Զաքարյանը NEWS.am-ին հայտնել է, որ այս որոշումը նրանք կբողոքարկեն ՀՀ վճռաբեկ դատարանում: Զաքարյանը նաեւ փոխանցել է, որ Վ. Ավետիսյանի առողջական վիճակը նորմալ է: Հիշեցնենք, որ ազատամարտիկը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով:




Լրահոս