ՈՒԿՐԱԻՆԱՆ՝ ԿՐԿԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում կրկին հեղափոխական իրավիճակ է հասունանում: Եվրաինտեգրման կողմնակիցները ծրագրել են այս անգամ էլ Ուկրաինայի կառավարության տապալման գործընթաց սկսել, եւ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ԵՄ երկրների եւ ԱՄՆ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրանց իրավիճակը հանդարտեցնելու մասին խնդրանք է ներկայացրել:

Ինչի՞ց սկսվեց ուկրաինական փոթորիկը: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը կասեցրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը, եւ այդ օրվանից մինչ այսօր Կիեւում չեն դադարում եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ակցիաները: Երեկ՝ գիշերը, 20-25 հազար մարդ կար հավաքված Մայդանի հրապարակում:
Հետեւելով տեղի ունեցող գործողություններին՝ կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայում մարդիկ դժգոհում են ոչ այնքան եվրաինտեգրման ուղուց շեղվելու, այլ հենց համակարգի ներսում առկա արատավոր երեւույթների դեմ: Ուկրաինայում եւս, ինչպես Հայաստանում, մարդկանց ստվար հատվածը լավ չի ապրում, գերիշխում են օլիգարխները, անարդարության չափաբաժինը բավական բարձր է, եւ կլանային համակարգը թելադրում է իր խաղի կանոնները: Ու հիմա մարդկանց համար պարզապես մի կայծ է պետք՝ բռնկվելու եւ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը տապալելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ակտիվիստներ փորձեցին պաշարելուց հետո գրավել Ուկրաինայի նախագահի նստավայրը, սակայն չստացվեց, ինչից հետո ընդդիմության առաջնորդները հայտարարեցին, որ նրանք պարզապես սադրիչներ են եղել:
Երեկ արդեն Ուկրաինայի ընդդիմադիրներն այլ ծրագիր էին մշակել: Երկրի Գերագույն ռադայի գլխադասային՝ պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանի որոշմանը: Նշենք, որ հանձնաժողովն ունի 8 անդամ, որից ընդամենը 1-ն է ձեռնպահ քվեարկել նախագծին:
Եվ ահա այսօր՝ առավոտյան 8-ին, Ուկրաինայի ընդդիմադիրները կշարժվեն դեպի կառավարություն՝ շրջափակելու համար, որպեսզի հանկարծ գործադիրը չկարողանա այլ, այդ թվում ուժային մեթոդներով ազդել Գերագույն ռադայի աշխատանքի վրա: Իսկ ռադայում արդեն քննարկվելու է Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Այս «գործը գլուխ» բերելու համար անհրաժեշտ կլինի ռադայի 226 անդամների ձայն: Դիվանագիտական խողովակներով Հայաստան հասած տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի ընդդիմությունը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, կարողացել է Գերագույն ռադայի շուրջ 215 ներկայացուցիչների հետ ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի նրանք կողմ քվեարկեն Ն. Ազարովի կառավարության անվստահության հարցին: Ասել է թե՝ երեկվա դրությամբ ընդամենը 11 ձայն էր մնացել «հավաքել», որպեսզի Ուկրաինայի ընդդիմադիրները տապալեն կառավարությանը եւ նոր կառավարություն ձեւավորեն:
Կիեւում սրված իրավիճակի մտահոգությամբ երեկ Ուկրաինայի վարչապետ Ն. Ազարովը հանդիպել է ԵՄ երկրների եւ ԱՄՆ դեսպանների հետ: «Զանգվածային ակցիաներն արդեն չկառավարվող բնույթ են ստանում, ավելի ճիշտ՝ կառավարվում են կոնկրետ քաղաքական ուժերի կողմից: Մենք գիտենք՝ ով է կանգնած սադրանքի հետեւում: Ժամանակը կգա, եւ նրանք կպատժվեն,-վստահեցրել է վարչապետը՝ հայտնելով, որ Կիեւում բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակն ունի պետական հեղաշրջման բոլոր նշանները,-մենք համբերություն ենք ցուցաբերում, սակայն կցանկանայինք, որ մեր գործընկերներն ամենաթողություն չզգան: Ես խնդրում եմ ուկրաինական ընդդիմությանը կոչ անել անցկացնել բացառապես խաղաղ ցույցեր` առանց ուժի կիրառման: Նրանք ձեզ կլսեն, եւ դա արդեն շատ մեծ ավանդ կլինի»:
Իսկ արդյոք դեսպանները նման հայտարարություն կանեն, թե ոչ, առաջիկայում կերեւա, բայց փաստ է, որ երկրի կառավարումը դե ֆակտո իրենց ձեռքը վերցրած ուժային կառույցների ղեկավարները, չի բացառվում, ճնշումների միջոցով փորձեն «օրորոցում խեղդել» հեղափոխությունը կամ հեղաշրջումը: Հավելենք, որ Ուկրաինայի նախագահը բավականին անհաղորդ է այս իրադարձություններին: Համենայնդեպս, նրա արտաքուստ հանգստությունը խոսում է այն մասին, որ նա կա՛մ ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի ընդդիմության հետ, կա՛մ էլ պարզապես մեր երկրի ղեկավարի նման կորցրել է իրականության զգացողությունը: Հետաքրքիր զուգադիպությամբ նախատեսվում է, որ առաջիկա օրերին Յանուկովիչը կմեկնի Չինաստան:
Իսկ մինչ այդ, ինչպես հաղորդեց ռուսական ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն, Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիյա Արենկիլդե Հանսենը հայտարարել է, թե ԵՄ-ն նախկինի նման պատրաստ է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը՝ չնայած այդ երկրի զարգացումներին: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են դիտարկել ասոցացման ու ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, երբ Ուկրաինայի իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ քաղաքական կամք՝ կապված իրենց առջեւ դրված պայմանների կատարման հետ: Հիշեցնենք, որ ԵՄ-ն պահանջում է ընտրական օրենքի բարեփոխում, դատական համակարգի վերափոխում, ընտրովի արդարադատության դեպքերի բացառում՝ ներառյալ Յուլյա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ առաջիկա օրերին Ուկրաինայի իշխանությունները, այնուամենայնիվ, որոշեն ազատ արձակել Յուլյա Տիմոշենկոյին՝ նրան ուղարկելով Գերմանիա՝ բուժումների: Իսկ մյուս պահանջների մասով դեռ կտրուկ տեղաշարժ չկա:

 ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս