ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՂԱՆԴՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

Վերջերս Իջեւանում ակտիվացել են Եհովայի վկաները: Իջեւան են ժամանել կրոնական այդ ուղղության մոտ 50 հետեւորդներ, որոնք աշխատանքի են անցնում քաղաքի սպասարկման օբյեկտներում՝ սրճարաններում, վարսավիրանոցներում, ծանոթություններ հաստատում բնակիչների հետ, տարածում իրենց ուսմունքը: Նրանք հաճախ գիշերային ժամերին թակում են մարզկենտրոնի բազմաբնակարան շենքերի բնակիչների դռները, կրոնական գրականություն բաժանում: Իջեւանցիների մեծ մասը դռան շեմին մերժում է նրանց ներկայությունը, պահանջում հեռանալ: Սակայն որոշ դեպքերում Եհովայի վկաների համառությունն արդյունք է տալիս, եւ նրանք կարողանում են համալրել իրենց համախոհների շարքերը: Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու պասիվությունը, ցանկացած հարցում իշխանության կողքին լինելը, մարդկանց դժվարին պահին թեկուզ հոգեպես չսատարելը սասանել է բնակչության շրջանում եկեղեցու հեղինակությունը: «Սուրբ տեղը դատարկ չի մնում», եւ առաջացած հոգեւոր դատարկությունը լցնում են կրոնական տարբեր հոսանքների զանազան ինքնակոչ քարոզիչներ: Բացի Եհովայի վկաներից՝ սահմանամերձ Տավուշի մարզում ակտիվ են նաեւ կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչները: Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում շաբաթապահ գալստյան եկեղեցու ներկայացուցիչները՝ «ադվենտիստները», Եհովայի վկաների նման տնետուն են գնում, շենքից շենք անցնում՝ մարդկանց բաժանելով կրոնական գրականություն՝ Է. Ուայթի «Մեծ պայքար» գիրքը եւ գրքույկներ՝ «Քրիստոսը մեր փրկիչն է» եւ «Բարոյականության վեհ սկզբունքները» վերնագրերով: Թե սահմանամերձ մարզում կրոնական տարբեր հոսանքների ակտիվությունը որքանով է սպառնում փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի անվտանգությանը, կարծում ենք՝ մեկնաբանման կարիք չունի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

    Տավուշ

 

ՀԱՄԱՃԱՐԱԿ ՉԿԱ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2013-ի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի եւ սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում ու եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2013-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եվրոպական տարածաշրջանում շրջանառում են գրիպի Բ տեսակը, Ա տեսակի H1N1պնդ09 եւ Ա (H3N2) ենթատեսակները:
Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը բավական ցածր է եղել: Ինչ վերաբերում է ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, գրիպի եւ սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: ՌԴ մի շարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ: ՀՀ-ում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է:




Լրահոս