Երեկ ավարտվեց պաշտոնական դիրքի չարաշահման եւ ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացման մեջ մեղադրվող ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ նրան օժանդակողների` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի նախկին պետ Արա Լեւոնյանի եւ նույն բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանի գործով դատաքննության փուլը:
Մինչ այդ դատարանում մեղադրողը հրապարակեց գործում առկա գրավոր ապացույցները, որոնցում, ըստ Մ. Օհանյանի պաշտպան Մ. Վասակյանի, չկան Մարգար Օհանյանի մեղադրանքն ապացուցող փաստեր. ընդամենը 3 ցուցմունք է, որոնք պաշտպանը որպես ապացույց չի գնահատում: Իսկ մնացած փաստաթղթային հիմքերը` բենզինի ընդունման, բաշխման ակտերը, հաշվետվությունները, ըստ պաշտպանի, օրինական կարգով են արվել. այլ կերպ ասած` ՃՈ նախկին պետը որքան բենզինի կտրոն ստացել է, այնքան էլ բաշխել է: «Միկա» ՍՊԸ-ից ՃՈ-ին տրված համապատասխան քանակի բենզինի մոտ 60 տոկոսը բաժին է հասել ծառայողական մեքենաներին, իսկ 40 տոկոսը` այլ մեքենաների, այդ թվում` Ստեփան Կարախանյանի ազգականներին: Դրանից հետո Մարգար Օհանյանը խնդրեց դատարանին ուշադրություն դարձնել, որ այդ այլ մեքենաների մեջ ո՛չ իր եւ ո՛չ էլ իր ազգականների կամ ընկերների մեքենաները չեն լիցքավորվել: Փոխարենը հորդորեց դատարանին ուշադրություն դարձնել այն անձանց ցուցմունքներին, որոնք նշել են, թե ումից են ստացել բենզինի կտրոնները:
Մ.Վասակյանի միջնորդությամբ հրապարակվեցին նաեւ ընդամենը 3 օր անազատության մեջ գտնված, այնուհետեւ «Էրեբունի» բուժկենտրոն տեղափոխված Ստեփան Կարախանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը: Համաձայն դրանց` 2011-ի օգոստոսի 19-ին Ս.Կարախանյանին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են նշյալ հիվանդանոց` ոչ ստաբիլ ստենոկարդիա… ախտորոշմամբ, եւ հիվանդությունը պայմանավորված է եղել նրա` շաքարային դիաբետով, եւ այդ ընթացքում քննություն անցկացնելը հակացուցված է եղել: Մարգար Օհանյանի պաշտպանի միջնորդությամբ հրապարակվեցին նաեւ ՃՈ բաժանմունքների պետերի, գումարտակների հրամանատարների գործառույթային պարտականությունները. դրա նպատակն այն էր, որ ցույց տրվի, որ բենզինի ստացման, բաշխման, օգտագործման գործընթացների հսկողության ու վերահսկողության պարտականությունները բաժանմունքների պետերն ու գումարտակների հրամանատարներն են կրել:
Հրապարակված ապացույցներից Մ. Օհանյանը եւ նրա պաշտպանը նաեւ միջնորդեցին անթույլատրելի ճանաչել ամբաստանյալ Արա Լեւոնյանի եւ Ստեփան Կարախանյանի առերես հարցաքննության արձանագրությունը, քանի որ դրանում հակասություններ կային. Արա Լեւոնյանը նշել էր, որ «շեֆի»` Օհանյանի աշխատասենյակում կտրոնների վերաբերյալ հարցը քննարկելիս ինքն ու Ստեփան Կարախանյանն էին եղել, վերջինս էլ հերքել էր` նշելով, որ միայն ինքն է եղել: Ստեփան Կարախանյանի պաշտպանն այդ միջնորդությունը թողեց դատարանի հայեցողությանը, մեղադրողն առարկեց` այն անհիմն համարելով, իսկ տուժող պետության ներկայացուցիչն ասաց, որ դա դատարանի գնահատման հարց է: Դատարանը որոշեց այդ ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդության հարցը քննարկել ավելի ուշ` դատավճիռ կայացնելիս: Դատաքննության փուլը հայտարարվեց ավարտված, եւ արդեն մարտի 1-ին դատարանը կլսի մեղադրական ճառն ու ամբաստանյալների վերջին խոսքը:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՆԶԻՆԸ` ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ