ՀԱՐԿԱՅԻՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ վարչապետն անընդմեջ հայտարարում է, թե լուրջ քայլեր են ձեռնարկվում մանր ու միջին բիզնեսը զարգացնելու համար, սակայն հենց այդ ոլորտից պարբերաբար ստացվող ահազանգերը հակառակի մասին են փաստում: Վերջին օրինակն էլ Աբովյան քաղաքում մի քանի տասնյակ խանութների փակվելն ու վաճառականների բողոքն է: Պատճառը Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ Վարդան Սահակյանի, խանութպանների բնորոշմամբ, նենգ գործելաոճն է, որի համար նրանք պահանջում են նրա հրաժարականը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Աբովյանում շուրջ 200 առեւտրականներ բողոքի ակցիա են անցկացրել քաղաքի հարկային տեսչության շենքի մոտ: Նրանք պահանջում են Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի՝ Վարդան Սահակյանի հրաժարականը: Շաբաթ օրը, երբ առեւտրականները փորձել են պարզաբանում ստանալ Սահակյանից, վերջինս հրաժարվել է ընդունել բողոքի մասնակիցներին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում աբովյանցի առեւտրականները պատմեցին, որ հարկային տեսուչներն արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. «նենգաբար գործ են սարքում» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առեւտրականներին սնանկացնելով կամ էլ ակտ գրելով:
Խնդրի առնչությամբ երեկ առեւտրականները հանդիպել են ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջինս խոստացել է հարցը բարձրացնել ԱԺ-ում: Սակայն խանութպանները պնդում են, որ իրենց հարցերը կլուծվեն այն ժամանակ, երբ Սահակյանն ազատվի իր պաշտոնից:
Տեղեկացնենք, որ Սահակյանը նոր է նշանակվել Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ, նախկինում նա զբաղեցնում էր Հրազդանի հարկային տեսչության պետի պաշտոնը: Նկատենք, որ նրա պաշտոնավարման շրջանում Հրազդանում նույնպես բողոքի ակցիաներ են անցկացվել, ինչի արդյունքում էլ Հրազդանում սննդի սպասարկման ավելի քան 10 հասարակական օբյեկտ փակվեց, իսկ մի քանի տասնյակ մարդ գործազուրկ դարձավ: Եվ, փաստորեն, նոր պաշտոնում եւս Սահակյանից դժգոհողների պակաս չկա. մարդիկ նշում են, որ նորանշանակ պետը չարաշահում է իր պաշտոնական դիրքը եւ իր լիազորություններից դուրս հրահանգներ տալիս:
Սահակյանի` Հրազդանում պաշտոնավարելու շրջանում գրանցված ամոթալի պատմության մասին տեղյակ են շատերը: Հրազդանցիների ներկայացմամբ` Սահակյանն իր գործընկերների հետ մի խորտկարանում ճաշելուց հետո խորտկարանի սեփականատիրոջը հարցրել է, թե ինչքան պետք է վճարի, վերջինս էլ պատասխանել է, թե ոչինչ: Եվ Սահակյանը չի վճարել: Սակայն հաջորդ օրը տեսուչները գնացել են խորտկարան եւ տուգանել՝ ՀԴՄ կտրոն չտպելու համար: Արդյունքում՝ խորտկարանի սեփականատերը ծեծել է Սահակյանին, ինչի համար էլ հիմա իր պատիժն է կրում:
Նշենք, որ տուգանքները սկսում են 175 հազար դրամից: 35-ամյա Կարենը (անունը փոխված է) տուգանվել է 175 հազար դրամի չափով՝ ՀԴՄ կտրոն չտպելու համար. «Մի երեխա մտավ խանութ ու «Կինդեր» գնեց, որի ՀԴՄ-ն տպեցինք՝ չնայած խանութում հերթ էր, դուրս եկավ ու հետո նորից մտավ, այս անգամ լուցկի գնեց, դրանն էլ տպեցինք, հետո դուրս եկավ ու ներս մտավ, մաստակ գնեց, բայց վերջինինը չկարողացանք տպել, այսինքն՝ չհասցրինք: Տեսուչները մտան ու տուգանեցին»: Մեր զրուցակից խանութպանները նշեցին, որ հիմա իրենք սկսել են ավելի շատ զգուշանալ, քանի որ հարկային տեսուչներն անցել են երկրորդ անգամ տուգանելուն:
Մսավաճառ Վազիրը, որը երկու օրվա մեջ հազիվ է կարողանում 7 կգ միս վաճառել, անցած 10 օրվա ընթացքում արդեն 2 անգամ տուգանվել է, իսկ երեք ամսվա ընթացքում պետք է վճարի 500 հազար դրամ: Աբովյանում մի դեղատան գործունեություն էլ ժամանակավոր դադարեցվել է, քանի որ վաճառողը «սանտավիկի» համար ՀԴՄ կտրոն չի տպել:
Աբովյանցի խանութպանների խոսքով` Սահակյանի հեռանալուց հետո հրազդանցի առեւտրականները «մատաղ են արել ու դրա առթիվ կարգին ուրախացել»:
Ծայրահեղ ծանր վիճակում հայտնված առեւտրականներն առաջիկայում մտադիր են ստորագրահավաք կազմակերպել: Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նույնպես արձագանքել է խնդրին եւ պատրաստվում է այն քննարկել առեւտրականների հետ:
«Ժողովուրդ»-ը փորձեց վաճառականների բողոքի առնչությամբ պարզաբանումներ ստանալ հենց Սահակյանից` այդ նպատակով այցելելով Աբովյանի հարկային տեսչություն: Սակայն մեզ չհաջողվեց հանդիպել նրան, քանի որ հարկային տեսչության աշխատակից Գրիգորն ամեն կերպ խոչընդոտեց. «Շատ խիստ զբաղված է եւ չի կարող մարդ ընդունել: Բացառված է, չի լինի, չեք կարող սպասել»:
Նկատենք, որ ՀՀ հարկային ծառայության պաշտոնական կայքում այս խնդրի շուրջ որեւէ պարզաբանում ներկայացված չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս