Նոյեմբերի 30-ին Կիեւում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը 12 մասնակիցների մեջ:
Հաղթող ճանաչվեց Մալթան ներկայացնող Գայա Գոչին: Երկրորդն Ուկրաինան էր, երրորդը՝ Բելառուսը, չորրորդը` Ռուսաստանը, հինգերորդը` Վրաստանը: Երեւի նկատեցիք, որ, բացի Մալթայից, մյուսները ներկայացնում են նախկին ԽՍՀՄ-ը, եւ, ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել էր, փաստորեն, այս մրցույթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրները (12 երկրների մեջ են նաեւ Ադրբեջանն ու Մոլդովան)։
Մանկական ժյուրին Հայաստանին տվեց 3 միավոր: Հայաստանին 12 միավոր տվեց Վրաստանը, 4-ական միավոր` Շվեդիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Մոլդովան, 5-ական միավոր` Ուկրաինան, Ռուսաստանը, 2 միավոր` Բելառուսը, 6 միավոր` Նիդերլանդները, 8 միավոր` Մալթան: Հայաստանը 12 միավոր տվեց (այո՛, այո՛) Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցել է 2007թ., երբ «Արեւիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով երկրորդ տեղը գրավեց՝ հաղթողին զիջելով մեկ միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, որը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցեց Լուարա Հայրապետյանը՝ «Արեւիկ»-ի նման զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Իսկ ահա 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում, մեր երկիրն այս անգամ ներկայացրեց Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրեց «Compass band» խումբը՝ գրավելով 3-րդ հորիզոնականը: Վլ. Արզումանյանի առաջին տեղը, իհարկե, կարելի է հաղթանակ համարել, սակայն մերոնք սովոր են թե՛ մեծերի, թե՛ մանուկների` եվրատեսիլյան մրցույթներում ցանկացած տեղ զբաղեցնելը համարել հաղթանակ։ Այսինքն՝ հիմա էլ մենք հաղթել ենք։ Երեւի առաջնորդվում ենք «Կարեւորը մասնակցությունն է» օլիմպիական կարգախոսով։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ