«ՈՐ ՉԳՆԱՍ-ԴԻՄԵՍ ՈՒ ՆՍՏԵՍ-ՍՊԱՍԵՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեմադրիչ Դավիթ Հարությունյանն ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, 2005-2012թթ. աշխատել Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Բեմադրել է մի շարք ներկայացումներ նաեւ Երեւանի տարբեր թատրոններում, Հալեպի հայկական թատրոնում: 2009թ. նկարահանել է առաջին կարճամետրաժ խաղարկային «Ընտրություն» ֆիլմը, նույն թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի լավագույն երիտասարդական ներկայացման համար։ Բոլորովին վերջերս նրա հոր՝ հայտնի դերասան Վրույր Հարությունյանի մասին, որը «Մեր գյուղը» հեռուստաֆիլմի գլխավոր հերոսներից Միսակին է մարմնավորում, տխուր լուր տարածվեց…

-Դա, իհարկե, սուտ է, բայց պատկերացրե՛ք, թե այն կարդացող մարդկանց հետ ինչ կարող է կատարվել… Ես շատ էի զայրացել, նույնիսկ գրել էի իմ ստատուսում, որ այդ «լուրի» հեղինակն ինձ հետ կապի դուրս գա։ Բնականաբար, թաքնվեցին, եւ աղբյուրն էլ, որտեղից դուրս էր եկել այդ տխմար տեղեկատվությունը, արգելափակված էր։ Դա անմարդկային է, ամենաստոր բանն է, ինչ կարելի է ինտերնետում անել։ Ես դա համարում եմ կիբեր հանցագործություն եւ զարմանում՝ ինչու չեն զբաղվում դրանով։

-Բայց սոցիալական ցանցերում նաեւ առողջ քննարկումներ են լինում, հանրությունն ակտիվանում է, փողոց դուրս գալիս։

-Դա նորմալ է. ի վերջո, ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ գնալով դժգոհությունն աճում է, եւ մեկ օր, մեկ ժամ, գուցե հինգ տարի հետո այս ամենն ավելի մեծ թափ է հավաքելու։ Տեսնում ենք ընդամենը 200-300 հոգու, բայց վստահ եմ, որ դժգոհները հազարապատիկ ավելի շատ են, եւ հնարավոր չէ, որ այդքան մարդ սխալ լինի։ Հանրապետությունում ապատիայի մթնոլորտ է, եւ դա շատ վատ բանի կարող է հանգեցնել։ Ջարդուխուրդ անելու, ավիրելու կոչ չեմ անում, բայց պետք է ժողովրդի սոցիալական այս ծանր վիճակը բարելավելու քայլեր արվեն։ Ինչքան աչք փակեն, համապատասխան քայլերը հետաձգեն, այնքան հետեւանքները կարող են սարսափելի լինել… Առաջ էլ կային հարուստներ ու աղքատներ, բայց նման ծայրահեղ բեւեռացում չկար, մարդիկ անհամեմատ ավելի հանգիստ էին, հիմա ամենուր լարված, ջղային դեմքեր են… Այս մթնոլորտը համեմատում եմ թթված գինու տակառի հետ, որը ցանկացած պահի կարող է պայթել։

-Եվ նման մթնոլորտում կարողանո՞ւմ եք աշխատել։

-Բա ի՞նչ անենք։ Այս, ինչպես նաեւ նախորդ տարին գերբեռնված է եղել, եւ այս տարի նույնիսկ չհասցրի թատերական ներկայացում բեմադրել։ Մայր թատրոնում բեմադրության համար պիես էինք ընտրում, այդ աշխատանքը բավական երկար տեւեց, երկու պիեսից ընտրվեց Ն. Բայերի «Միջադեպ» կոչվող կինոսցենարը, որը պետք հարմարեցնեմ որպես թատերական բեմադրություն։ Այն բեմադրել են նաեւ Գյումրիում, հաջողություն է ունեցել, արժանավոր գործ է։ Գեղխորհուրդը հաստատել է պիեսը, Ամանորից հետո փորձերը պետք է սկսվեն։ Տարվա ընթացքում կառավարական համերգների բեմադրություն արեցինք, դրանցից մեկն էլ լինելու է դեկտեմբերի 5-ին։ Իսկ դեկտեմբերի 28-ին, թերեւս, ամենակարեւոր իրադարձությունն է՝ Նավասարդյան խաղերը, որի բացման արարողությունը բեմադրելու եմ ես, իսկ աշխատանքների ղեկավարն աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն է։ Նավասարդյան խաղերն օգոստոսին են լինում, բայց կազմակերպչական եւ ֆինանսական ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցին… Եկող տարի ուզում եմ անպայման ներկայացնել Վրեժ Իսրայելյանի «Վերնիսաժ» պիեսը, որին մտադիր եմ եւս մեկ կամ երկու պատմվածք միացնել։

-Երիտասարդներին տեղ տալու մասին շատերն են խոսում, բայց դա Դուք Ձեր մաշկի վրա զգո՞ւմ եք։

-Երիտասարդներին տեղ տալու մասին խոսակցություններն այնքան են ծեծված… Ես, օրինակ, գերադասում եմ, որ մոտենա այն ժամանակը, երբ ինքդ քո ֆինանսը ճարես, քո ցանկացած թատրոնի ղեկավարության հետ պայմանավորվես, անես այն, ինչ ուզում ես, ում հետ ուզում ես, ինչ գույնի ուզում ես, այլ ոչ թե գնաս-դիմես ու նստես-սպասես… Գոհ եմ, Մայր թատրոնից հրավեր է եղել, այնտեղ շատ ջերմ, դրական մթնոլորտ է, գուցե 1-2 տարի անց երկրորդի հնարավորությունը կլինի։ Բայց դա եզակի դեպք է, բացի այդ` հո մենակ ե՞ս չեմ…
Հ.Գ. Այսօր մեր զրուցակիցը դառնում է 35 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում ենք եւ մաղթում ստեղծագործական հաջողություններ:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս