ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատանքային տարվա ընթացքում 30 օր գտնվել եմ չվճարվող արձակուրդում: Ինձ ամենամյա արձակուրդ տրամադրելիս արդյո՞ք պետք է 30 օրով երկարաձգվի աշխատանքային տարին: Իսկ հնարավո՞ր է ամենամյա արձակուրդը նվազեցնել ու քանի՞ օրով:

Էլենա Մանուչարյան (37 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն` աշխատողի՝ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը չի ներառվում աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Այսինքն, այդ հոդվածի տրամաբանությունից ելնելով, աշխատողին տվյալ աշխատանքային տարվա համար ամենամյա նվազագույն արձակուրդ տրամադրելիս այն պետք է նվազեցնել չվճարվող արձակուրդին բաժին ընկնող ամենամյա արձակուրդի օրերի թվով (այս պարագայում մոտ 1.7 աշխատանքային օր հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում եւ 2 աշխատանքային օր վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում):
Սակայն, մյուս կողմից, ՀՀ ԱՕ 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր»:
Գտնում ենք, որ ՀՀ ԱՕ 159-րդ հոդվածի տրամաբանությունը չխախտելու համար ճիշտ կլինի երկարացնել աշխատանքային տարին, այլ ոչ թե կրճատել ամենամյա արձակուրդի օրերը: Սակայն նորից ենք կրկնում, ՀՀ ԱՕ-ն որեւէ հստակ պատասխան չի տալիս այդ հարցին, եւ, ըստ էության, երկու տարբերակն էլ հնարավոր է կիրառել:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այս պարագայում աշխատողն իրավունք ունի անձամբ ընտրություն կատարել, թե ինչպես հաշվարկի իր ստացած արձակուրդն ու աշխատանքային տարվա տեւողությունը: Մնում է` նա փոքր-ինչ իմանա իր իրավունքները, որպեսզի, ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, գործատուի կողմից աշխատողի իրավունքները չոտնահարվեն:

 ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են էքստրասենսները, ինչպես վերաբերվել նրանց: Ընդհանրապես, ի՞նչ գործունեություն են ծավալում նրանք: 

Անահիտ Զաքարյան (29 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Էքստրասենսոր հատկությունները մարդուն տրված գայթակղություններ են: Այնպես, ինչպես շատ զգայուն մարդը, խաբեբա մարդու սրտաճմլիկ պատմությունը լսելով եւ ազդվելով, շուտով կխաբվի, այնպես էլ իբրեւ թե արտասովոր ընդունակություններով օժտված վիճակը գայթակղություն է թե՛ այսպես կոչված էքստրասենսի եւ թե՛ նրան դիմողի համար: Իրականում էքստրասենսի բժշկումները ոչ թե իր արտասովոր ընդունակությունների շնորհիվ են տեղի ունենում, այլ հռչակավոր բանսարկու եւ խաբեբա սատանայի պատրողական ներգործության միջոցով: Նա այսպես խաբում է միանգամից երկու հոգու՝ էքստրասենսին էլ, նրան դիմողին էլ: Էքստրասենսին դիմելու փոխարեն ավելի լավ կանեք, եթե դիմեք քահանային, որ Ձեզ համար աղոթի, եւ գնաք բժշկի:
Օրհնությամբ՝ տեր Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եկեղեցու դիրքորոշումն այս հարցի շուրջ հասկանալի է: Միեւնույն ժամանակ, նույն եկեղեցական պատմագրությունը հարուստ է հրաշագործ բժշկումներով, որոնք իրենց բնույթով շատ նման են էքստրասենսոր ազդեցության:




Լրահոս