«ՇՈՒՆ ԽՓՈՂ» ՌՈՒԲԵՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Սադոյանի եղբայրը դարձել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը: Նրա նշանակման լուրը, մեղմ ասած, այնքան էլ չի երջանկացրել երեւանցիներին, որովհետեւ նրանք  հիմա շատ են ուզում, որ գոնե թաղային կառույցները ղեկավարեն նոր մարդիկ` անձնական շահագրգռություններից հեռու եւ ուրիշների «թեւերով չթռչող»: Իսկ Ռուբեն Սադոյանը միշտ համարվել է էքս-քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մարդը, ում շնորհիվ էլ առաջ է գնացել:  
Ռուբեն Սադոյանը 1989-ին ավարտել է Ժողինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետն ու աշխատանքի անցել «Հայբակալեյա» ձեռնարկությունում որպես հաշվապահ: Ունեւոր ծնողներն ամեն ինչ արել են, որպեսզի նա  բանակում չծառայի, փոխարենը դարձել է ՀՀ հարկային պետական տեսչության Օրջոնիկիձեի շրջանի հարկային տեսուչ եւ այս պաշտոնում աշխատել 3 տարի` մինչեւ 1993 թվականը: Մի տարի էլ պետական հարկային տեսուչ է աշխատել պետական հարկային տեսչության 8-րդ բաժնում: Արդեն սեփական ֆինանսական միջոցներն ապահովելով` 1994-1996թթ. Եղել է «Վահունի» ՍՊԸ տնօրեն, ապա տեղափոխվել շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ եւ շրջանառություն ունեցող «Ռոյալ-Կրիստալ» ընկերություն եւ դարձել դրա  տնօրենն ու սեփականատերերից մեկը:  
2000թ-ին մոտ տասն ամսով եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղի տնօրեն, բայց հետո որոշել է իր «տանիքն» ամուր դարձնելու համար նորից գնալ հարկային ու աշխատել որպես ՊԵ նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմ-տեսչական վարչության հարկային տեսչությունների հսկողության բաժնում որպես գլխավոր հարկային տեսուչ: Սա մեր հարկային համակարգի  ամենաչաղ պաշտոններից մեկն է, որովհետեւ այստեղ են «մուծվում» տեսչությունները, այստեղ են «պարտակվում» իրական հարկահանությունների տվյալները: Դե, Ռուբեն Սադոյանին էլ հենց նման պաշտոն էր պետք:
Նկատենք, որ Սադոյանի կենսագրության մեջ շատ հետաքրքիր «շրջադարձեր» կան. նա մե՛րթ հարկայինում է գործունեություն ծավալել, մե՛րթ էլցանցերում: Սա «ունիկալ» մի բան է, որը, երեւի, միայն «բացառիկ» մարդկանց մենաշնորհն է: Այսպես, 2002-2003-ին եղել է ՀԷՑ-ի Էջմիածնի իրացման-շահագործման մասնաճյուղի տնօրեն, երկու տարի «ստվերում» պահել իր կենսագրությունը, իսկ 2005-ից հիմնել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն: Այս ՍՊԸ-ի «քավորն» էլ Գագիկ Բեգլարյանն է եղել, որովհետեւ առաջին հերթին ՍՊԸ-ն գործունեություն է ծավալել քաղաքապետարանի հետ համագործակցելով` զբաղվելով թափառող շների ստերիլիզացման գործերով: Սակայն թափառող կենդանիներին ոչ թե ստերիլիզացրել, այս պարզապես սատկացրել ու ահռելի գումարներ են ստացել պատվիրատուից:
Թե ինչպես «շուն խփողը» պատգամավոր դարձավ, եւ ինչպես թիվ 9 ընտրատարածքում նրա մեջ օրինաստեղծի տեսան, մնում է մեր օրերի «առեղծվածներից» մեկը: Իհարկե, Սադոյանի ընտրության ժամանակ շատ ավելի Բեգլարյանն էր աշխատում, քանի որ հարկավոր էր պատրաստել ապագա հենարաններից մեկին, մի մարդու, ով Կենտրոնում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր լինելու: Հսկա մայրաքաղաքի ամենամեծ շրջանում նախագահի շտաբի պետ էր դառնում նախկին հարկային տեսուչը, էլցանցի մասնաճյուղի տնօրենն ու հիմա էլ «շների մասնագետը»: Ուրեմն ինչքա~ն թշվառ պիտի լիներ իշխանությունը…
Գալով Ազգային Ժողով եւ  ընդգրկվելով ամենակարեւոր հանձնաժողովներում` Ռուբեն Սադոյանն, ըստ էության, պատգամավորական գործունեություն չի ծավալել, բացառությամբ մի դեպքի, երբ համատեղությամբ օրենքի նախագիծ է ներկայացրել: Երբ նայում ենք նրա քվեարկություններին ու մասնակցությանը խորհրդարանի նիստերին, տեսնում ենք, որ այս մարդը միշտ «կողմ» է քվեարկել իշխանական նախագծերին, եթե, իհարկե, ներկա է գտնվել: Չմոռանանք նաեւ, որ սա այն պատգամավորն է, ով թռուցիկներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների դեմ բռնություններ էր գործել: Հիմա Ռուբեն Սադոյանը նորից է ցանկանում պատգամավոր դառնալ: Խե՜ղճ խորհրդարան:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս