Այսօր հունիսի 27-ն է` տարվա 178-րդ (179-րդ նահանջ տարիներում) օրն է։
1899 թվականի այս օրն է ծնվել հայ նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը:
Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ. Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։
1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918-ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918-ին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։
1919-ին, վերադառնալով Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին»։
1921-ին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ։ 1922-ին նա Կ. Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս. Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։
1923 թ. Քոչարը Փարիզում է։ Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ։
1936-ին նկարիչը վերադարձավ հայրենիք։ Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ։ Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։
Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։
Արգելքները, բանտը, մեկուսացումը անտարակույս ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը։ Որոշիչ դեր ունեցավ նաև խռուշչովյան «ձնհալը»…
Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ։
1948-ին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։
Երվանդ Քոչարը վախճանվել է 1979 թ. Երևանում։
Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։
1984 թ. Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարան (Երևան) , որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Մաէստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Ե. Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։