Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին (Շերիֆ) փոխարինել է Տիգրան Ներսիսյանը: Այսօր armlur.am-ը կներկայացի նրա անցած ուղին և ունեցվածքի տվյալները:
Ներսիսյանի կենսագրական տվյալներն այնքան էլ հարուստ չեն: Ի տարբերություն շատերի` նա ծառայել է զինված ուժերում: Մասնագիտությամբ հիդրոտեխնիկ է և հանրային ֆինանսների մագիստրոս:
2003-2012թթ. եղել է «Հրազդան հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2012-2014թթ.՝ «Հրազդան հաց» ՍՊԸ տնօրեն: 2008-2012թթ. եղել է Հրազդան քաղաքի ավագանու անդամ:
Նորաթուխ պատգամավորն արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և ունեցվածքի հայտարարագիրը:
Ըստ այդ տվյալների` Ներսիսյանն ունի մեկ բնակարան և երեք հողամաս: Բացի անշարժ գույքը հայտարարագրելուց` նա ներկայացրել է տվյալներ նաև իր շարժական գույքի վերաբերյալ: Պարզվում է` ԲՀԿ-ական պատգամավորն ունի երկու բեռնատար` GAZ 52 և FORD TRANSIT 1.6 մակնիշների, երեք մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` CHEVROLET NIVA 21230, TOYOTA LAND CRUISER 200 4.7 GAS և TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0 մակնիշների:
Հետարքքիր է, որ այսքան գույքի հետ մեկտեղ` Ներսիսյանի հայտարարագրում բացակայում են դրամական միջոցների մասին տվյալները: Նրա եկամտի աղբյուրն էլ 2013-ին եղել է միայն աշխատավարձը: