ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԿՍՏԱՆԱ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28.12.2011թ.-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքները, որոնք  ուժի մեջ են  մտել 19.01.2012թ.-ից: Պարզենք, թե նշված փոփոխությունները կատարելուց հետո ով եւ ինչպես կարող է դառնալ փաստաբան:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-29-Ն) 17 հոդվածի 1-ին կետի համաձայն` «Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մաuնագետի որակավորում եւ ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար»:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-297) 3 եւ 24 հոդվածների համաձայն` բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր եւ միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի` կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը: ՀՀ-ում սահմանվում են բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման հետեւյալ աստիճանները. բակալավր, որը շնորհվում է առնվազն քառամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց. դիպլոմավորված մասնագետ, որը շնորհվում է առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով, մագիստրոս, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` առնվազն 1 տարի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով. իսկ հետազոտողը հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճան է, որը շնորհվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` ասպիրանտուրայում եռամյա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով:
ՀՕ-29-Ն օրենքի 17 հոդվածի, ՀՕ-297 օրենքի 3 եւ 24 հոդվածների պահանջներից հետեւում է, որ փաստաբան կարող է դառնալ բարձրագույն կրթություն ունեցող այն իրավաբանը, որն ավարտել է համալսարան, ինստիտուտ կամ ակադեմիա եւ ունի բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի կամ հետազոտողի որակավորում եւ ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:
Պարզենք, թե համալսարան, ինստիտուտ կամ ակադեմիա ավարտած եւ առնվազն քառամյա իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացուն ում միջոցով եւ ինչ կարգով է հատկացվում փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր:
ՀՕ-29-Ն օրենքի 7 հոդվածի համաձայն` ՀՀ փաստաբանների պալատը փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի խնդիրներն են` կազմակերպել փաստաբանների արտոնագրման գործընթացը. փաստաբանի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը եւ փաստաբանների վերապատրաստումը:
ՀՕ-29-Ն ՀՀ օրենքի 45.1 հոդվածի համաձայն` Փաստաբանական դպրոցը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի հիմնադիրն է Փաստաբանների պալատը` ի դեմս Փաստաբանների պալատի խորհրդի:
ՀՕ-29-Ն օրենքի 45.2 հոդվածի համաձայն` Փաստաբանական դպրոցը կազմակերպում եւ անցկացնում է Փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը, Փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը. անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը:
ՀՕ-297 օրենքի 3 եւ 24 հոդվածներով, ՀՕ-29-Ն օրենքի 17, 45.1 եւ 45.2 հոդվածներով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ համալսարան, ինստիտուտ կամ ակադեմիա ավարտած եւ առնվազն քառամյա իրավաբանական կրթություն ունեցող քաղաքացուն փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր տրվում է ոչ առեւտրային կազմակերպության` Փաստաբանների պալատի կողմից հիմնադրված, հիմնադրամի կարգավիճակ ունեցող  Փաստաբանական դպրոցի կողմից` տվյալ քաղաքացու համար կազմակերպված մասնագիտական ուսուցման եւ որակավորման քննության արդյունքում:
Հաշվարկենք, թե ինչ գերշահույթներ է ստանալու Փաստաբանական դպրոցը:
Մամուլում տպագրված տեղեկատվության համաձայն` Փաստաբանական դպրոց ընդունելու վարձավճարը կազմելու է 1300-2000 ԱՄՆ դոլար:
Քանի որ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող քաղաքացիները, եթե ցանկանում են աշխատել իրենց մասնագիտությամբ, պարտավոր են նաեւ ավարտել Փաստաբանական դպրոցը, եւ եթե ենթադրում ենք, որ յուրաքանչյուր տարի պետական եւ ոչ պետական բուհերի իրավաբանական ֆակուլտետներն ավարտում եւ իրավաբանի որակավորում ստանում է առնվազն 1000 քաղաքացի, որոնցից միայն 500-ն է ցանկանում աշխատել իր մասնագիտությամբ, ապա կատարելով 1300×500=650.000 եւ 2000×500=1.000.000 գործողությունները` կստանանք, որ յուրաքանչյուր տարի Փաստաբանական դպրոց կմուտքագրվի 650.000-ից (վեց հարյուր հիսուն հազար) մինչեւ 1.000.000 (մեկ մլն) ԱՄՆ դոլար, որը տնօրինվելու է Փաստաբանական դպրոցի տնօրենի կողմից:
Առաջանում են հարցադրումներ, թե ինչ տրամաբանությամբ են ղեկավարվել ՀՕ-339 եւ ՀՕ-341 օրենքների հեղինակները, գիտակցել են նրանք, որ նշված օրենքների ընդունման արդյունքում Փաստաբանական դպրոցը չավարտելու դեպքում սովորական թղթի են վերածվում ՀՀ բոլոր պետական եւ ոչ պետական բուհերի իրավաբանական ֆակուլտետներն ավարտած քաղաքացիների ստացած դիպլոմները (այս մասին գրել են նաեւ իրավաբանները` ՀՀ նախագահին հասցեագրած իրենց բաց նամակում): Բացի այդ, բազմաթիվ իրավաբաններ զրկվելու են իրենց մասնագիտությամբ աշխատելու իրավունքից եւ համալրելու են գործազուրկների շարքերը, քանի որ նրանից շատերը չեն կարողանալու հայթայթել եւ մուծել Փաստաբանական դպրոցում սովորելու համար անհրաժեշտ 1300-2000 ԱՄՆ դոլարը:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ




Լրահոս