«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հետաձգել է Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը, այդպիսով հուլիսի 1-ի փոխարեն վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 15-ը: Առաջին հայացքից սովորական այս քայլը քաղաքական լուրջ ենթատեքստ ունի:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում մնացել է միայնակ ու հիմա փորձում է ժամանակ շահել՝ սպասելով աշնանային զարգացումների հանգուցալուծմանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անգամ ՀՅԴ-ն, որը սկզբում կողմ էր արտահայտվում այդ փոփոխություններին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու տարբերակին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններից հետո, երբ կառավարությունը վերջին պահին հետ կանգնեց իր խոստումից ու այլ անվան տակ անցկացրեց պարտադիր կուտակային համակարգը, երես է թեքել իշխանություններից: Արդյունքում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնացել, քան վերջնաժամկետը հետաձգելը` սպասելով «բարեհաջող» ժամանակների»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: