«ՍԱՀՈՂ» ԳՅՈՒՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Հովք գյուղում հիմնականում բնակվում են Ադրբեջանից վերաբնակվածներ: Այս գյուղում 5-6 տարի առաջ սողանքային երեւույթներն ակտիվացել են: Գյուղապետ Յուրիկ Ցուգունյանի վկայությամբ` Հովքի 164 առանձնատներից 2-ն ունեն վթարայնության 5-րդ կարգ, 30 տուն` 4-րդ, 60-ը` 3-րդ կարգ: 2 տարի առաջ Հովքում 4-րդ կարգի վթարայնություն ունեցող Մաքսիմ Լազգյանի տան համար պետական բյուջեից 4 մլն դրամ փոխհատուցում է տրվել: Իսկ մնացած տների տերերը դեռ սպասում են պետական աջակցությանը: Հովք կատարած մեր այցելության ժամանակ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող, քանդվող տնից Աշոտ Սիմոնյանը գույքը տեղափոխում էր արտերկրում բնակվող համագյուղացիներից մեկին պատկանող դատարկ տուն: Անցյալ տարի Տավուշի մարզի 25 համայնքների 1761 բնակիչ դիմել է մարզպետարան, որպեսզի որոշվի սողանքային գոտում գտնվող իրենց բնակարանների վթարայնության կարգը: 980 բնակարան ենթարկվել է մասնագիտական ուսումնասիրության, դեռ պետք է ուսումնասիրվի 781 բնակարան: Ըստ կատարված ուսումնասիրությունների` սողանքից 3-րդ եւ 4-րդ կարգի վնասվածության տներ կան Գանձաքարում, Խաշթառակում, Աչաջրում, Ակնաղբյուրում, Սեւքարում, Գետահովտում, Ներքին Ծաղկավանում, Գոշում, Հաղարծնում, Հովքում: Դիլիջան քաղաքում սողանքներն ակտիվ են  ամֆիթատրոնի դիմաց, Մյասնիկյան փողոցին հարակից տարածքում, քաղաքային ավտոկայարանի դիմացի լանջին, «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհին: Նախատեսվում է մարտից պետական բյուջեի ֆինանսավորմամբ Դիլիջանում խորհրդային ժամանակներում կառուցված ջրահեռացման թունելների գործարկման աշխատանքներ իրագործել: Մինչ պետական աջակցությունն ուշանում է, տեղացած ձյան հետեւանքով Տավուշում սողանքներն ավելի են ակտիվանում:




Լրահոս