Վերահսկիչ պալատը` Ռ. Քոչարյանի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերահսկիչ պալատն անդրադարձել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում ՎՊ ստուգումների մասին հիշատակմանը և հանդես եկել պարզաբանմամբ.

«Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է, և մենք մշտապես հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին Վերահսկիչ պալատի եզրակացություններին վերաբերվել հենց այդ տեսանկյունից:

2008 թվականից սկսած Վերահսկիչ պալատը պարբերաբար հասարակության ու Ազգային ժողովի դատին է ներկայացրել իր տարեկան հաշվետվությունները: Ամենևին չհավակնելով ամենավերջին ճշմարտությունը ասողի տիտղոսին` մենք փորձել ենք ներկայացնել պետական բյուջեի ծախսային մասի և պետական ունեցվածքի հետ կապված վերլուծություններ:

Ակնհայտ է, որ իշխանության կատարած աշխատանքի, չենք ժխտում նաև մեր բարձրաձայնումների շնորհիվ խնդիրները քանակապես նվազելու ուղղությամբ են գնացել: Տարեցտարի նվազել են ծավալային հավելագրումները շինարարության ոլորտում:

Եթե 2007-2008թթ. նյութերով դրանք տատանվում էին 10-12%-ի սահմաններում, ապա 2013թ. արդյունքներով այն կազմում է միջինը 0,75%:

Այս փաստը լրջագույն ձեռքբերում է շինարարության ոլորտում: Արդյո՞ք սա նշանակում է, որ այլևս կոռուպցիոն երևույթներ չկան այնտեղ: Իհարկե, ոչ:
Հիմա կառավարություն – Վերահսկիչ պալատ աշխատանքի կարևորագույն մեխը շինարարության ոլորտում անհարկի կիրառվող տոկոսներն ու շինարարական նորմերն են, (դրանք գալիս են դեռևս անցյալ դարի 60-80-ական թվականներից), որոնց շուրջ լուծումներին հասարակությունը կտեղեկանա մոտ ապագայում:

2010-2011թթ. Վերահսկիչ պալատի և կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում օրենսդրական լուծում ստացավ հողերի կադաստրային արժեքից ցածր գներով վաճառքը:

Կենսաթոշակային համակարգում տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները լուծվեցին 2010-2012թթ. վերահսկողության արդյունքներով և կառավարության արագ ու ադեկվատ քայլերով, որի արդյունքում պետական բյուջեն ստացավ շուրջ 12 մլրդ դրամի տնտեսում:

Չափազանց կարևոր խնդիր է կուտակված արատավոր երևույթների մասին բարձրաձայն խոսելը, չթաքցնելը և դրանց լուծման ուղիներ գտնելը: Այս դաշտում ևս տեղեկատվության պակաս չկա: Եթե իշխանությունը բարձրաձայն խոսում է արատավոր երևույթների մասին, ուրեմն համարձակություն ունի դրանք շտկելու», – ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս