Ուկրաինայում ազատ են արձակվել և տեղափոխվել Դոնեցկ ԵԱՀԿ գերեվարված 4 աշխատակիցները. հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության մամլո ծառայությանը:
«Մենք հաստատում ենք, որ Դոնեցկի թիմից ԵԱՀԿ 4 ներկայացուցիչ ներկայումս ազատ է արձակվել», – հայտնել է Կիևում առաքելության ներկայացուցիչը` հիշեցնելով, որ մարդիկ գերության մեջ են անցկացրել ավելի քան 1 ամիս:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Ուկրաինայում անհետացել էր ԵԱՀԿ երկու դիտորդական խումբ: Մեկի հետ կապը կորսվել էր մայիսի 26-ին, մյուսի հետ` մայիսի 29-ին: Զինյալների խմբերից ոչ մեկը չի վերցրել պատասխանատվությունը դիտորդների անհետացման համար:
Հունիսի 19-ին ԵԱՀԿ-ին հաջողվել էր կապ հաստատել երկու խմբերի հետ: Սակայն այն ժամանակ դիտորդները չէին ազատվել: Ուկրաինայի տարածքում աշխատում են ԵԱՀԿ 330 ներկայացուցիչ, որոնցից 250-ը արտասահմանցի են: