
Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի միաբանության, տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպմանը` կազմակերպված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում, հրավիրված էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով միաբանությանը ներկայացրեց հայեցակարգի դրույթները և հանգամանորեն անդրադարձավ բարեփոխումների կարևորությանը` հայեցակարգի տարբեր դրույթների շուրջ տալով անհրաժեշտ լուսաբանություններ:
Քննարկման ընթացքում Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականները հայեցակարգի վերաբերյալ ներկայացրին իրենց մոտեցումները: Հանդիպման մասնակիցները կարևորեցին ներկայացված փաստաթղթի շուրջ հանրային քննարկումները` հույս հայտնելով, որ լրամշակված հայեցակարգը և նախատեսվող բարեփոխումները, համահունչ ժամանակի հրամայականներին, կծառայեն Հայրենիքի հզորացմանն ու ժողովրդի բարօրությանը:
Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին