Հայ երգիչները մի օր նստեցին, խոսեցին, քննարկեցին ու որոշեցին Եվրոպական հեռարձակողների միությանը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ հանդես գալ, որով իրենք հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին:
Հայտարարությունն ունի հետեւյալ բովանդակությունը. «Փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Եւ սա այն պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից:
Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է այդ քայլին: Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի ընդունում այդ առաջարկը, այլեւ ցանկացած առիթ օգտագործում է հայի արյուն հեղելու համար: Այս պարագայում մենք` ներքոստորագրյալներս` Հայկո, Նունե Եսայան, Արթուր Գրիգորյան, Էմմի, Արամո, Արման Հովհաննիսյան… հրապարակավ հայտարարում ենք, որ լրջագույն վերապահում ունենք` կապված Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցության հետ: Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որեւէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս: Մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտը, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլ»-ի օրերին, որին, ի դեպ, չմասնակցեց Ադրբեջանը»:
Մինչեւ մարտի 18-ը Հայաստանը ներկայացնող երգն ու մասնակցին կընտրի կամ չի ընտրի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը:
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ