ՀԱՐՑ. Երբ քաղաքացին դիմում է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն` որպես մարտական գործողությունների մասնակից, մոտավորապես ինչքա՞ն ժամանակում են տրվում համապատասխան փաստաթղթերը: Լսել եմ, որ դա բավականին երկար ժամանակ է տեւում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է 778 որոշմամբ սահմանված կարգով` համաձայն հանձնաժողովի նիստի որոշման: Կոնկրետ ժամկետ չկա, եւ երկար ժամանակ էլ չի տեւում, հանձնաժողովի նիստից հետո համապատասխան կարգավիճակ կտրվի, եթե քաղաքացու փաստաթղթերը համապատասխանում են եւ լրիվ են: Հնարավոր է, որ ներկայացված փաստաթղթերը չհամապատասխանեն, եւ մասնակցի կարգավիճակ չտրվի: Բայց դա հանձնաժողովը պիտի որոշի, եւ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացին նախ դիմի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն:
պաշտպանության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմա անընդհատ եւ ամենուր ասվում է` դժվարը հեշտացել է: Անհասկանալի է միայն` նախ այս զավեշտալի կարգախոսն է մոգոնվել, թե այս եւ նման հարցերի հետ կապված խնդիրներն իսկապես որոշ չափով թեթեւացվել են: Կարեւոր է, սակայն, հետեւյալը. քաղաքացին, միեւնույն է, նման իրավիճակներում հույսը պետք է իր համառության հետ կապի ու որպեսզի տվյալ գերատեսչություն բազմաթիվ անգամներ չայցելի, երեւի թե նախ եւ առաջ պահանջվող փաստաթղթերի ցանկն է պետք ճշտել, հետո դրանք հավաքել ու նոր միայն ներկայացնել համապատասխան վարչություն: Այլապես շատ չի պահանջվի համոզվելու համար, որ դժվարն այդպիսին էլ մնացել է: