Երեկ Քաղաքապետարանի մոտ կրկին փողոցային առեւտրով զբաղվող ժողովուրդն էր հավաքվել: Բացօթյա առեւտրով զբաղվողների դժգոհությունն ու ցասումն այնքան մեծ էր, որ ժողովուրդը հերթ չէր տալիս մեկը մյուսին արտահայտելու իրենց անհանդուրժողականությունը այդ ամենի նկատմամբ: Առեւտրականներից 60-ամյա Սվետլանա Պողոսյանն ասաց, որ «վարձով ենք ապրում, տուն էլ չունենք, հիմա էլ ուզում են մեր ձեռից մեր հացը վերցնեն, այ ցավդ տանեմ, ամեն օր խաբում, տանում – բերում են, ասում են քաղաքապետն ըստեղ չի: Ես իմ հիվադ հալին գալիս, հասնում եմ ըստեղ, մենք մեր հացի համար ենք պայքարում, չնայած ի՞նչ ենք խոսում, մեկ ա գրում եք` կարդում են ու ոչ մի օգուտ չկա, անիմաստ ա, մենք էնքան քիչ բան ենք ուզում: Ասում ենք թողեք մեր էտ չնչին գումարներով ապրենք, հո միլիոն չենք ուզում իրանցից, ասում են փողոցներն են մաքրում, էլ չեն ասում, որ էն փողոցները, ուր մենք նստում ենք, հենց մեր միջոցով են մաքուր մնում, անգամ էս վերջին ձյունը ես եմ մաքրել, բալա ջան: Իսկ մենք էսօր եկել ենք էստեղ, մեզ արգելում են անգամ քաղաքապետարանի շենքին մի փոքր մոտենանք, խի մենք հանցագործ ենք, ի՞նչ ենք, որ էսքան միլիցա են մեզ հսկում, սպեցնազ են բերել, լցրել, եթե կարում են, թող էս քաղաքի մարմնավաճառներին վերացնեն, էտ լրիվ խոլեռանոց ա, ոչ թե դնեն ժողովրդին զրկեն հացից»,- հավելեց Ավանի բնակչուհին, որը Աբովյան փողոցում առեւտրով էր զբաղվում: Ժողովրդի խոսքերով` իրենց ասել են, որ իրենց առեւտրի համար քաղաքակիրթ տարածքներ են հատկացնելու, սակայն «տեղ են տալիս էնտեղ, որտեղ մեծ սիթիներ ա, որտեղ առեւտուր չի լինի, ով ա ըտեղից առեւտուր անելու»: 59-ամյա ինժեներ Համլետ Շահբազյանն ասաց, որ «մեզ ասում են պիտի մինի շուկաներ բացեն, ես ինչքան հիշում եմ` 2004 թվից մինի շուկա են բացում, էտի տենց էլ չի բացվի, իսկ մեզ էսօր տալիս են Գումի շուկան, որտեղ ըսկի ճանճ չի մտնում, ուր մնաց թե առեւտուր լինի»: Ոստիկանության փոխգնդապետ պարոն Հակոբյանն ասաց, որ չեն թույլատրում մոտենալ Քաղաքապետարանին, որովհետեւ ժողովրդին զգուշացրել են, որ գրավոր դիմում գրեն, ներկայացնեն, Քաղաքապետարանն էլ կպատասխանի: Առեւտրականներին մոտեցան նաեւ ԱԺ պատգամավորներ Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանը: Մոտ երկու ժամ ժողովուրդը սպասեց Քաղաքապետարանի պատասխանին, եւ ի վերջո Զարուհի Փոստանջյանը դուրս գալով Քաղաքապետարանից` ասաց. «որեւիցե պաշտոնյա պատասխան չտվեց, քաղաքացիների բողոքի ընթացքի վերաբերյալ որեւէ պատասխան չտրվեց, Ալթունյան ազգանունով մի ներկայացուցիչ մոտեցավ մեզ, երկու անգամ զանգեց, ասեց, որ բողոքի մասնակիցները դիմում են գրել, պատասխան են պահանջում, ասեցին հեսա կմոտենան, բայց շուրջ մեկ ժամ տեւեց այդ մոտենալը, ու էստեղ կանգնած ենք երկու ժամ արդեն, բայց Քաղաքապետարանից որեւէ անձ մեզ չմոտեցավ եւ մեզ որեւէ պատասխան չտվեց»: Տիկին Փոստանջյանը նաեւ հավելեց, որ իրենց հաջորդ քայլը լինելու է ամսի 9-ին Կառավարության «հարց ու պատասխան»-ի ժամանակ. «այս հարցը ես կհնչեցնեմ, կտեսնենք, թե Կառավարությունը ի՞նչ կպատասխանի, ու մենք կանենք մեր հաջորդ քայլերը»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ ՀԱՑՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ