ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Տյան Չան Չունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսապանատանը` ՀՀառողջապահության նախարարության հետ երկարամայա գործակցության համար:
Նախարարը դեսպանին ներկայացրեցՀայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և խնդիրները։ Քննարկվեցին Չինաստանի կառավարության մասնակցությամբ արդեն իսկ իրականացված ծրագրերն ու աջակցության հետագա հնարավորությունները:
«Չինաստանի կառավարության աջակցությունը մեր երկրին ակնհայտ կերպով ցույց է տալիս նաև երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները: Ես նկատի ունեմ թե՛ կրթական ծրագրերը, թե՛ կոնկրետ նյութատեխնիկական աջակցությունը։ Կցանկանայի կարևորել հատկապես շտապ օգնության ծառայությունը ավտոմեքենաներով ապահովելու ծրագիրը»,-նշեց Արմեն Մուրադյանը:
Նա ընդգծեց, որ շտապ օգնության կանչերը և այս ծառայության հանդեպ վստահությունը նկատելիորեն ավելացել են: Արմեն Մուրադյանը նաև հավելեց, որ շտապ օգնության ծառայության արդիականացումն ունի առաջնային նշանակություն` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում շեշտադրել է արտահիվանդանոցային բուժօգնության զարգացումը: Հայաստանը հետաքրքրված է նաև չինական պրակտիկ բժշկության ոլորտում համագործակցությամբ` նկատի ունենալով չինական ավանդական բժշկության ձեռքբերումները:
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև առողջապահական ոլորտում օրենսդրական, պրակտիկ բժշկության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև հանրային առողջապահության հետ կապված փորձի փոխանակումը:
Դեսպան Տյան Չան Չունը,շնորհավորելով Արմեն Մուրադյանին պաշտոնավարման կապակցությամբ, նշեց, որ Հայաստանում ՉԺՀ դեսպանատունը ՀՀ առողջապահության նախարարության հետ աշխատում է արդյունավետ:
«Մեր երկկողմ համագործակցությունն օրինակելի է: Կուզեի ևս մեկ անգամ ընդգծել շտապ օգնությանը մեքենաների տրամադրման ծրագրի մասին, ինչը, կարծում եմ, կարևոր ներդրում է առողջապահական համակարգի այդ ծառայության զարգացման գործում»:
Նա նաև նշեց, որ Չինաստանից Հայաստանին տրամադրվող աջակցությունը տարեցտարի ավելանում է` ընդգրկելով տարբեր ուղղություններ:
Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ նախարարությունն մեծ պատրաստակամությամբ կշարունակի մեր երկրում Չինաստանի դեսպանատան հետ համագործակցությունը: