Հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ փետրվարի 29-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի  և Ավանի բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ իրենց վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում կա մեծ քանակությամբ զենք–զինամթերք։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ խմբերը մի քանի օր օպերատիվ–հետախուզական աշխատանքներ են կատարել և ստանալով դատարանի թույլատրության որոշումը՝ Նոր-Նորքի ոստիկանները Մոլդովական 12 հասցեում գտնվող նախկին կաթսայատանը կից շինության մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք–զինամթերք, այդ թվում՝ 12 հատ “Կալաշնիկով” տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակներով, 9 հատ “ПK” տեսակի գնդացիր, 4 հատ հակատանկային ականանետ, СВД տեսակի հրազեն՝ դիպուկահարի հարմարանքներով, 4 տասնյակից ավելի F1 տեսակի նռնակներ և մեծ քանակությամբ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ։ Հայտնաբերվել են նաև մեծ քանակի “Ամունալ” և “Տրոտիլ” տեսակի պայթուցիկներ՝ իրենց պայթուցիչներով։  Ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ հայտնաբերված զենք–զինամթերքն այնքան շատ է, որ չի կարողանում թվարկել ամբողջական ցանկը։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Առգրավված ողջ զենք–զինամթերքն ուղարկվելու է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն։ Նշված շինությունը պատկանում է Երևանի բնակիչ, Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող նախկին ուսանողական հանրակացարանի պարետ, 47-ամյա Արշավիր Կարապետյանին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ,  ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:




Լրահոս