Երեկ հերթական անգամ պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանական վերնախավում կոպիտ ասած` «շունը տիրոջը չի ճանաչում»: Նախ` Վլադիմիր Պուտինի «դարակազմիկ» այցի եւ դրա արդյունքում ստորագրված համաձայնագրերի մասին, չգիտես ինչու, մեկնաբանություններով հանդես եկան ոչ թե այդ համաձայնագրերի իրականացման անմիջական պատասխանատուները` ՀՀ կառավարության անդամները, այլ` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ ԱԺ փոխխոսնակը: Եվ որ ամենացնցողն է` միեւնույն` ՀՀ քաղաքացիներին առավելագույնս հուզող հարցի շուրջ արեցին տրամագծորեն հակառակ հայտարարություններ: Այսպես. անդրադառնալով առաջիկայում Հայաստան ներմուծվող ռուսական գազի սակագնի փոփոխությանը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ ամբիոնից, ապա նաեւ լրատվամիջոցներին ասաց. «Եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլար, եւ ես կարծում եմ` դա շոշափելի դրական տեղաշարժ է` մեր հասարակ քաղաքացու կյանքում»: Մինչդեռ նույն հարցի հետ կապված՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ լրագրողներին ասաց ճիշտ հակառակը. «Շարքային սպառողի համար գազի սակագինը կմնա նույնը: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի բարձրանա»:
Փաստորեն, ստացվում է, որ անգամ նման կարեւոր հարցերի շուրջ ՀՀԿ-ական վերնախավում չկա բավարար ինֆորմացվածություն, եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն իրադարձությունները մեկնաբանում են` յուրաքանչյուրն իր տնտեսագիտական գիտելիքների սահմաններում: Մինչդեռ նորմալ երկրում, ըստ տրամաբանության, գազի գնի շուրջ պարզաբանումներ պետք է ներկայացներ նախ եւ առաջ այդ երկրի էներգետիկայի նախարարը: Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, սակայն, բավարարվեց ՀՀ քաղաքացիներին կեսբերան տեղեկացնելով, որ մենք, պարզվում է, «Գազպրոմ»-ին պարտք էինք 155 միլիոն ԱՄՆ դոլար: Թե ինչպես եւ ինչու` ոչ մի խոսք: Փոխարենն այդ մասին երեկ խոսեց նույն Վիգեն Սարգսյանը` բացահայտելով. «Անցած 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գազի գնի փոփոխություն ենք ունեցել»:
Այսքանից հետո պետք չէ զարմանալ, որ Հայաստանում այսպիսի իրավիճակ է. երբ մի երկրի իշխանական համակարգում ամեն մարդ զբաղվում է ոչ թե իր անմիջական գործառույթներով, այլ նրանով, ինչ հրահանգում է Սերժ Սարգսյանը, այլ իրավիճակ չէր էլ կարող լինել: Մնում է միայն պարզել, թե ով էր Սերժ Սարգսյանին հրահանգել` Ալիեւի հետ վերջին հանդիպման եւ ղարաբաղյան հարցի բանակցությունների շուրջ խոսել… մշակույթի նախարարությունում: